ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «սխալնների» ծաղկեփունջը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ, որտեղ նա անդրադարձել էր իշխանության «ճիշտ» և «սխալ» լինելու մասին դեբատին ու ներկայացրել է հաղթանակի հասնելու գործում սխալվելու կարևորության մասին իր թեզերը։ Եթե ավելի անկեղծ՝ իրականում Փաշինյանի ներկայացրած թեզերն առնվազն հետաքրքիր են ու քննարկելի, և դրական կլինի, եթե դրանք դառնան հանրային-քաղաքական բանավեճի առարկա, ի տարբերություն այն էժանագին հայհոյախոսության, որը նաև ու առավելապես Նիկոլի կողմից գեներացվում է քաղաքական կյանքում։ Իսկ մյուս կողմից, սակայն, Փաշինյանի դիրքորոշումն ունի հայեցակարգային թերություն։ Նա չի տարանջատում «սխալների» կարգավիճակները և, ամենակարևորը՝ սխալման թույլատրելի միջակայքը, ինչը պետական կառավարման ասպարեզում կարող է ճակատագրական ու անգամ կործանարար լինել։ Մասնավորապես, Փաշինյանը չի տարադասում ռազմավարական ու մարտավարական սխալները, որովհետև այդպես վարվելու դեպքում ստիպված պետք է լինի արձանագրել, որ, եթե մարտավարական սխալները կարող են անգամ դրական ազդեցություն ունենալ, ապա ռազմավարական սխալների վնասները կարող են լինել անդառնալի։

Ի դեպ՝ Փաշինյանի իշխանության խոցելիությունը պայմանավորված է ոչ միայն օբյեկտիվ հիմք ունեցող մարտավարական, այլ՝ ռազմավարական սխալներով։ Սկսած ՌԴ հետ հարաբերությունների փչացումից  մինչև դատարանների շրջափակման կոչ, ՍԴ-ի շուրջ գործընթացներ, վերջացրած տնտեսության զարգացման հայեցակարգային ծրագրի բացակայությունից մինչև կադրային խայտառակ քաղաքականություն, սրանք և այլ շատ չթվարկվածները բոլորը ռազմավարական սխալներ են, որոնք կարող են ունենալ անվերականգնելի հետևանքներ։ Ահա այդ սխալները ներելի ու խրախուսելի չեն, ի հակադրություն Փաշինյանի՝ լիրիկական զեղմամբ բավական պերճախոս կերպով ներկայացրած «կենարար սխալների»։ Եվ չափազանց վտանգավոր է, եթե երկրի ղեկավարը չի գիտակցում սխալների այս կարգավիճակների տարբերությունն ու պատճառահետևանքային կապը, կամ գիտակցում է, սակայն միտումնավոր կերպով աղճատված է ներկայացնում իրականությունը։

Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի ծավալուն մտորումը հիմնված է «չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» հայտնի թեզի վրա։ Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստացվում։ Բայց եթե դա այդպես է, ուրեմն տեղին է նաև հակադարձումը, որ ճակատագրական սխալներ է թույլ տալիս նա, ով չի գիտակցում իր սխալների նշանակությունը և առաջնորդվում է անսխալականության բարդույթով, որը Նիկոլ Փաշինյանը վերամեկնել է «սխալականության» դոկտրինով։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular