ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաշա Մնջոյանը՝ «Եվրատեսիլ 2016»-ին իր մասնակցության մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

«Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանը երազում է «Եվրատեսիլ» երգի մրցույթում որպես մենակատար Հայաստանը ներկայացնելու մասին: Այս տարի նա եվրատեսիլյան բեմում հանդես կգա, սակայն որպես Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ այս փորձը գուցե նպաստի նրան, որ մի օր էլ ինքը ներկայացնի Հայաստանը հեղինակավոր այդ մրցութում:

«Իմ կարծիքով՝ շատ արտիստներ կերազեին մասնակցել «Եվրատեսիլին», եւ ես այդ շատերի մեջ եմ մտնում (ժպտում է): Միգուցե սա փորձ է եւ ճանապարհ, որը տանում է դեպի դրան»,-ասաց նա:

Բացի Մաշա Մնջոյանից՝ «Եվրատեսիլ 2016»-ում որպես Իվետա Մուկուչյանի բեք-ոկալիստ հանդես կգան եւս 4 հոգի՝ Քրիստինա Մանգասարյանը, Սոնա Գյուլխասյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը եւ «LoveWave» երգի (որով հանդես կգա Իվետա Մուկուչյանը) երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը: Մասնակիցներն ընտրվել են հատուկ կազմակերպված լսումների միջոցով: Դեռ Ամանորից առաջ Մաշա Մնջոյանն այդ երգից մի հատված է կատարել, նրան ասել են, որ կզանգեն, եւ որոշ ժամանակ անց զանգել են:

«Ուրախություն եւ հպարտություն զգացի այդ պահին, որ բեք-վոկալիստի պատասխանատու գործը վստահված է նաեւ ինձ: Մանավանդ, երբ սոլիստը տաղանդավոր եւ արժանի Իվետա Մուկուչյանն է»,-ասաց Մաշա Մնջոյանը:

Պետք է նշել, որ եվրատեսիլյան փորձ Մաշան արդեն ունի: Որպես բեք-ոկալիստ նա հանդես է եկել «Մանկական Եվրատեսիլ 2008»-ում՝ ձայնակցելով Մոնիկա Մանուչարովային: Այդուհանդերձ երգչուհին ընդգծում է, որ սա իր համար բոլորովին նոր փորձ է լինելու:

«Թեեւ ծանոթ եմ եվրատեսիլյան բեմին, քանի որ 2008 թ-ին մասնակցել եմ «Մանկական եվրատեսիլին», բայց գիտեմ եւ պատկերացնում եմ նրանց ահռելի տարբերությունը եւ հզորությունը»,-ասաց նա:

Իվետա Մուկուչյանի հետ «Եվրատեսիլի» երգի փորձերն արդեն սկսվել են: Մարտ ամսից թիմն աշխատում է խիտ գրաֆիկով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular