ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի Ադրբեջանը․ «Հրապարակ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքները կանխարգելելու համար: Մենք պետք է ինչ-որ ձեւով արձագանքենք նրան, ինչ կատարվում է մեր կողքին, բայց պետք է ձգտենք, որպեսզի անցյալից մեզ մնացած խնդկրները լուծվեն խաղաղ ճանապարհով՝ փոխզջումների հիման վրա: Հատկապես փոխզիջման, որին պատրաստ են գնալ եւ մեկ, եւ մյուս կողմերը: Այս կոնտեքստում մենք քննարկել ենք նաեւ ղարաբաղյան խնդիրը:

Մեզ համար նույնիսկ կարեւոր չէ՝ այս կամ այն երկիրը, նախկին խորհրդային հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, թե ոչ: Կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ, պատմականորեն ձեւավորված հարաբերություններ: Եւ դրանք ավելի մերձավոր են եւ խորը, քան պարզապես ՆԱՏՕ-ի անդամների միջեւ հարաբերությունները: Մենք չենք կարող դա հաշվի չառնել»,- ԲՌԻԿՍ երկրների գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում ՌԴ նախագահի խոսքն այսպես է փոխանցել «ՌԻԱ-Նովոստին»:
Քաղաքական մեկնաբանները նման դեպքերում փորձում են առանձնացնել այսպես կոչված առանցքային ձեւակերպումը:

Եթե հետեւենք նրանց օրինակին, ապա պետք է ընդգծենք Պուտինի այն միտքը, որ Ռուսաստանի համար կարեւոր չէ՝ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ է, թե ոչ, Մոսկվան չի կարող հաշվի չառնել այդ երկրի հետ հատուկ, պատմականորեն ձեւավորված հարաբերությունները: Եւ ԼՂ խնդիրը Երեւանում քննարկվել է հատկապես այդ համատեքստում: Այնպես, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ փոխզիջման հիման վրա, որին պատրաստ են գնալ եւ մեկ, եւ մյուս կողմերը:

Ռուսաստանի նախագահին կարելի է հասկանալ նաեւ այն իմաստով, որ արտաքին մարտահրավերները կանխարգելելու ռեսուրս ՀԱՊԿ կունենար այն դեպքում, եթե հետխորհրդային տարածքում անցյալից մնացած խնդիրները լուծվեին խաղաղ ճանապարհով, եւ նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ լարվածություններ չմնային:

Ակնարկը հասկանալի է, ԼՂ խնդիրը մնացել է խորհրդային ժամանակներից: Բայց այդ դեպքում ինչու՞ են ավելանում նորերը: Խորհրդային Ռուսաստանը եւ Վրաստանը, Ռուսաստանը եւ Մոլդովան, Ռուսաստանը եւ Ուկրաինան բացահայտ դրսեւորված խնդիրներ չունեին: Մինչդեռ այսօր այդ երկրների եւ Ռուսաստանի հարաբերությունները նույնպես լարված են, եւ իրավիճակը պատերազմականի չի հասնում միայն այն պատճառով, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, ոչ ոք ավելին կորցնել չի ուզում:

Բայց Պուտինի միտքը, հնարավոր է, ունի դիվանագիտական շատ խորը ենթատեքստ:
ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովը նույնիսկ ռուսական մամուլի («Կոմերստանտի») հումորի նյութ է դարձել իր աննախադեպ անարդյունավետությամբ: Ոչ մի հեռանկար չկա, որ Բելառուսի նախագահությունը նոր շունչ եւ ոգի է հաղորդելու այդ կազմակերպությանը: Պուտինը, կարծես, առաջինն է արձանագրում ՀԱՊԿ անարդյունավետությունը եւ հասկացնում, որ Մոսկվայի համար կարեւորը հետխորհրդային երկրների հետ երկկողմ հարաբերություններն են:

ԼՂ խնդրի մասին նրա դիտարկումների համատեքստում դա հասկացվում է որպես Ադրբեջանին արված թափանցիկ ակնարկ: Պուտինը դեռ Երեւանի ճանապարհին էր, երբ Բաքվում Ադրբեջանի նախագահը եւ Պակիստանի վարչապետը երկօրյա բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիս էին անցկացնում, եւ Իլհամ Ալիեւը բաց տեքստով հայտարարում էր Իսլամաբադի հետ սպառազինությունների ձեռքբերման գործարքներում որեւէ խնդրի բացակայության մասին:

Պուտինը հարմար է գտել Ալիեւին հանգստացնել Հնդկաստանից, մի երկրից, որը Պակիստանի հետ Քաշմիրի խնդրի շուրջ գրեթե կեսդարյա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում է: Վերջերս Քաշմիրում հնդկա-պակիստանյան ուժերի բախում էր արձանագրվել:

Պուտինը վստահեցրեց Ալիեւին, որ Երեւանում ոչ մի քայլ չի ձեռնարկվել, որը կվնասեր ռուս-ադրբեջանական պատմականորեն ձեւավորված հարաբերություններին:

Բայց Պուտինը նաեւ ՀԱՊԿ անդամ երկրներին հասկացրեց, որ կազմակերպության անդամակցությունը ոչ մեկին ոչ ՀԱՊԿ անդամ երկրների նկատմամբ որեւէ առավելություն չի տալիս: Նաեւ՝ պաշտպանության բնագավառում: Իսկ արժե՞ անդամակցել մի կառույցի, որը ոչ մեկին ոչինչ չի տալիս: Ավելի լավ չէ՞ հարցերը ճշտել Մոսկվայի հետ երկկողմ ձեւաչափում: Միեւնույն է, «կոլեկտիվ պաշտպանություն» չի ստացվում, իսկ «կոլեկտիվ հարձակման» հետ ոչ ոք գլուխ չունի…
Վահրամ Աթանեսյան, «Հրապարակ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular