ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև վերջ շարժվելու ենք օրենքով ու Սահմանադրությամբ. Արարատ Դանիելյանը՝ Սամվել Բաբայանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Սահմանադրական փոփոխությունների նպատակով անցկացված ստորագրահավաքի և այս առթիվ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությունների մասին «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ:

Մինչև վերջ շարժվելու ենք օրենքով ու Սահմանադրությամբ. Արարատ Դանիելյանը՝ Սամվել Բաբայանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

 -Պարո՛ն Դանիելյան, սահմանադրական փոփոխությունների նպատակով նախաձեռնված ստորագրահավաքն արդեն ավարտվել է: Կա՞ն արդյոք տեղեկություններ, թե քանի մարդ է մասնակցել, կամ ինչպես է այն անցել:

 -Մասնակիցների թվի մասին ստույգ տեղեկություններ դեռ չունենք, բայց որքանով տեղյակ եմ մամուլից և նախաձեռնող խմբի կողմից արված հայտարարություններից, նախատեսված քանակն ապահովվել է: Այս կապակցությամբ մի շատ կարևոր նկատառում կցանկանայի անել: Ստորագրահավաքի ամբողջ գործընթացին իշխանության կողմից ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները, որևէ միջամտություն կամ խոչընդոտ չի եղել, սակայն Սամվել Բաբայանի կամ նրա գրասենյակի կողմից մամուլում անհիմն հայտարարություններ են հնչում, թե իբր գործընթացին խանգարել են: Հակառակը կարող եմ պնդել. սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ մարդիկ բողոքում են, որ իրենց խաբել են և այլ պատրվակների անվան տակ տարել և ստորագրել են տվել:

 -Սամվել Բաբայանը իր վերջին հարցազրույցներից մեկում պնդում է, որ ստորագրահավաքն ուղղված է արմատներով արցախցնիներին Արցախում ընտրությունների հնարավորություն տալուն: Այնինչ նախաձեռնող խմբի կողմից տարածված առաջարկում նման ձևակերպում չկա: Հետաքրքիր է լսել Ձեր մեկնաբանությունը:

 -Ճիշտ եք նկատել, իրականում առաջարկում նման առանձնացում կամ ընդգծում չկա, և այն ընդունվելու դեպքում, որևէ նշանակություն չկա, թե մարդը որտեղ է ծնվել կամ արմատներով որտեղից է: Այսինքն այս իմաստով Սամվել Բաբայանը ստում է, և հանրության շրջանում փորձում է սխալ կարծիք ձևավորել: Իմիջիայլոց, այդ թեզը ինքնին շատ վտանգավոր է, քանի որ նման ձևակերպումները խոսում են դրա հեղինակի կողմից մեր ազգային միասնականության հանդեպ ունեցած սխալ ընկալումների մասին: Այսինքն սահմանադրական մակարդակով Սամվել Բաբայանը կեղծ օրակա՞րգ է փորձում վավերացնել՝ առաջ քաշելով «հայաստանցի» և «ղարաբաղցի» տարանջատումները: Այդ դեպքում ո՞ւր մնացին միասնության մասին նրանց վեհ կոչերն ու հայտարարությունները… 

-Պարո՛ն Դանիելյան, իր ելույթներից մեկում Սամվել Բաբայանը ասել է նաև, որ ստորագրահավաքի նախաշեմին Արցախի Խորհրդարանը իրավական խոչընդոտներ ստեղծելու համար բազմաթիվ նոր օրենքներ է ընդունել՝ մասնավորապես նշելով  Ընտրական օրենսգիրքը, որով, իբր, ավելի են դժվարացել տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններին թեկնածուների առաջադրվելը: Համաձայն ե՞ք այս տեսակետներին: 

 -Որպեսզի հանրության համար ավելի պարզ լինի իմ անհամաձայնության պատճառը, ես ընդամենը մեկ փաստ կարող եմ արձանագրել, որ Ընտրական օրենսգրքի տեղական ինքնակառավարման մասին բաժնում ոչ մի դրույթ փոփոխության կամ նույնիսկ խմբագրման չի ենթարկվել, բացի տարիքային ցենզից, որը համապատասխանեցվել է Սահմանադրությանը: Իսկ թե ինչու է Սամվել Բաբայանը նման հայտարարություն արել, մնում է միայն ենթադրել:
Ինչ վերաբերում է ընդունված օրենքներին, կարող եմ ասել, որ այստեղ որևէ արտառոց բան չկա, բնական գործընթաց է, որն իրականացվում է մեր հանրապետությունում: Չխախտելով կոռեկտության սահմանը՝ պետք է նշեմ, որ մամուլին տված հարցազրույցներում Սամվել Բաբայանը խոստովանում է, որ երկար ժամանակ է, ինչ բացակայում է Արցախից և հավանաբար դա է պատճառը, որ նրա համար խորթ են դարձել կառավարման համակարգում տեղի ունեցող շատ գործընթացներ, որոնք բնական կերպով ապահովում են զարգացում և առաջընթաց:

 -Մեր հասարակությանը ամենահուզող հարցերից մեկը երևի: Եթե Խորհրդարանը կամ Գերագույն դատանարնը մերժեն նախաձեռնությունը, և, ինչպես Սամվել Բաբայանն է ասում, որպես բողոքի արտահայտում՝ հանրահավաքներ սկսեն, ո՞րն է լինելու իշխանության արձագանքը: 

 -Շատ կարևոր է, որ մենք բացառենք անձերի շահարկումը: Այստեղ գործընթացը պետք է ամբողջությամբ դիտարկենք իրավական դաշտում: Ես արդեն նշեցի, որ ստորագրահավաքի անցկացման ամբողջ ընթացքում իշխանությունը որևէ կերպ չի փորձել խոչընդոտել, և մինչև վերջ մենք հաստատակամ շարժվելու ենք օրենքով ու Սահմանադրությամբ: Ուստի կոչ եմ անում ավելորդ ինքնադրսևորմամբ չզբաղվել, և շանտաժի լեզվով վերջնագրեր չներկայացնել: Արցախի իշխանությունները ունեն բավարար կամք ու ռեսուրս հանրապետությունում սահմանադրական կարգը պահպանելու և անօրինական բոլոր փորձերը իրավական դաշտում կանխելու համար:

Նյութի աղբյուր՝ artsakhpress.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular