Տվյալներ ունենք, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները․ փոխոստիկանապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշեց, որ ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ՝ ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, սակայն այդ տվյալները այս պահին չեն կարող հայտնել:
«Ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվում են: Այդ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, վերաբերում է հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներին, որը ձայնագրություններով, այլ տվյալներով մենք ուսումնասիրել ենք ու այդ ցուցակը այդ քանակով կազմել ենք»,-ասաց փոխոստիկանապետը:
Վերջինիս խոսքով՝ ստեղծված իրավիճակում սոցիալապես անապահովության խնդիր չկա, խոսքն ապօրինի անտառահատման մասին է, որն իրականացվում է բիզնեսի համար:
«Այսինքն՝ այդ վառելանյութը բերել, վաճառել են այն վայրերում, որտեղ չկան անտառներ: Փայտի այն քանակը, որը գյուղացիներն օգտագործում են իրենց համար, բավարար է իրենց»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք բերման ենթարկվածների մեջ կան մարդիկ, որոնք այդ բիզնեսով են զբաղվում, Մովսիսյանն ասաց՝ այդ հարցին չի կարող պատասխանել, դեռ ուսումնասիրություն է իրականացվում:
«Քննությունն ավարտված չէ, բայց, այո՛, ոստիկանության աշխատակից է մասնակից եղել նման պրոցեսում, և հիմա ինքը քննության տակ է գտնվում»,- ասաց նա և նշեց, որ մեկ ոստիկանի մասին է խոսքը:
ՀՀ փոխոստիկանապետն ասաց, որ անտառներում անշարժ պահակակետերում հսկողությունն ուժեղացվելու է, ոստիկանապետի հրամանով էլ ոստիկանական խմբեր են տեղափոխվել այնտեղ:
Վարդան Մովսիսյանը հերքեց բնակիչների պնդումները, որ «կարմիր բերետավորներ» ուժ են կիրառել նրանց նկատմամբ: Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ բնակիչներն ընդամենը աշխատանք են ուզում, նա նշեց, որ առաջարկվել է մոտ 200 աշխատատեղ:
«Ինչ աշխատատեղ են, ինչ չափով՝ չեմ կարող ասել, Տավուշի մարզպետն է ասել, աշխատանքի ցանկություն հայտնողների քանակը նույնպես չեմ կարող ասել, բայց աշխատատեղ կա, այնպես չի, որ չկա, չեն ցանկանում, ի՞նչ կարող ես ասել: Երևի թե, ապօրինի անտառահատումն ավելի հեշտ օգուտ է բերում, քան օրինական ամսական աշխատանքը»,-ասաց նա:
Նա նշեց, որ հիմա Իջևանում իրավիճակը կայուն է, ներքին զորքեր են տեղափոխվել։
«Հնարավոր է լինեն անկանխատեսելի պահեր, որոնք ցանկալի չեն լինի։ Արագ հակազդելու համար մենք արել ենք այդ տեղաշարժը»,-ասաց Մովսիսյանը։
Ոստիկանապետի տեղակալի խոսքով, եթե անհրաժեշտություն լինի, ուժ անպայման կկիրառվի։