Բարձր եկամուտ ստացողները գրանցվում են այլ երկրներում, հարկերը վճարում այնտեղ. եկամտահարկի համահարթեցմամբ խթանում ենք, որ հարկերը վճարեն ՀՀ-ում. փոխնախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ–ում Հարկային օրենսգրքում փոփոխությունների քննարկման ժամանակ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի բարձրացրած խնդրին, որ 58 մլն եկամտի շեմն անցնող քաղաքացին արդեն ստիպված է լինում ավելացված արժեքի հարկ վճարել, թեև կարող է մի քանի միլիոն դրամի պատճառով անցնել ԱԱՀ–ի դաշտ։
«Որպեսզի այդպիսի պրոբլեմների մեջ չընկնեիք գործըներոջս հարցին պատասխանելիս, դրա համար ժամանակին ես մեկ տարվա մեջ ես առաջարկել էի 115 մլն–ը չիջեցնելու օրենսդրական նախաձեռնություն, որը դուք մերժել եք»,– դիմելով ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին՝ ասաց Միքայել Մելքումյանը:
«Այո, կատարվում է շատ լուրջ անարդարություն: Իսկ գիտե՞ք՝ որոշ մարդիկ ինչ են անում, 50 մլն-ից այն կողմ էլ ՀԴՄ չեն խփում, որպեսզի այդ 58 մլն-ը չհատի: Այդ շիլափլավը ստեղծվել է նրա արդյունքում, որ ժամանակին ճիշտ առաջարկներ անում են, պետք է ընդունեք»,– ասաց նա:
«Ի՞նչ է նշանակում, որ ես մի քանի ամիս առաջ օրենքի նախագիծը դրել եմ մերժվել է, հիմա նույն բանը բերել եք և ընդամենը դրա հետ մեկտեղ ակցիզային հարկի բարձրացման փոփոխությունով: Այն ժամանակ էլ բերեիք ու զուգահեռ հետն անեիք այդ ակցիզը»,- ասաց Մելքումյանը:
Պատգամավորի հաջորդ դիտարկումը կապված էր համահարթ եկամտահարկի հետ: «Կարո՞ղ եք ասել մեկ կամ երկու մլն դրամից ավել աշխատավարձ ստացող քանի՞ աշխատող ունենք: 640,000 աշխատողից 390,000-ը ստանում է մինչև 150,000 դրամ աշխատավարձ, այդ համահարթեցումը տվյալ փուլում որևէ կերպ չի ազդում նրանց վրա: Ասեմ Ձեզ, որ Գերմանիայում տարեկան մինչև 9500 եվրո ստացողը, ընդհանրապես ոչ մի եկամտահարկ չի մուծում»,- ասաց պատգամավորը:
Փոխնախարարը նախ նշեց, որ կառավարությունն, այո, պատգամավորին առաջարկել է դեռ այն ժամանակ ձեռնպահ մնալ այդ նախաձեռնություններից, որովհետև վերջինս առաջարկել է միայն տեղային լուծում և դա կարող էլ լրացուցիչ ծախս լինել բյուջեի համար: «Իսկ ասել, որ մենք ընդամենը ակցիզային հարկի ռեֆորմ ենք իրականացնում, թույլ տվեք չհամաձայնել այդ «ընդամենը» եզրույթի հետ, որովհետև մենք համակարգային փոփոխություն ենք առաջարկում ակցիզային հարկում»,- նշեց Պողոսյանը:
Անցնելով Մելքումյանի հաջորդ դիտարկմանը փոխնախարարն ասաց, որ Հայաստանում երկու մլն դրամից ավել աշխատավարձ ստացողների թիվը չափազանց քիչ է՝ 1320 հոգի, իսկ 1 մլն դրամից ավել ստացողները մոտ 6200 հոգի են:
«Այսինքն՝ վարձու աշխատողների 1 տոկոսն են կազմում նրանք: Սա է այն պատճառը, որ մենք առաջարկում ենք համահարթ եկամտահարկի ներդրումը: Որովհետև այսօր ունենք նոմինալ առումով պրոգրեսիվ հարկման համակարգ, բայց իրականում պրոգրեսիվություն չունի համակարգը, փոխարենն ունենք արտադրողական աշխատուժին բարձր դրույքաչափերով հարկելու համակարգ, որը վանում է ներդրողին: Դրա համար, եթե մենք պրոգրեսիվ հարկման խնդիրը չենք լուծել այս համակարգով, ասում ենք՝ եկեք լուծենք մյուս խնդիրները՝ մասնավորապես, ստվերի դեմ պայքարը և արտադրողական աշխատուժն ավելի ցածր դրույքաչափով հարկելու խնդիրը»,- ասաց փոխնախարարը:
Միքայել Մելքումյանը հակադարձեց, որ բարձր աշխատավարձ՝ 800,000 դրամից մինչև 2 մլն ու ավել ստացողները համահարթեցմամբ տարեկան կխնայեն 14,000 դոլարից մինչև 30,000 դոլար: «Նման եկամուտներ ստացողներն իրենց հանգիստը, բուժումը և այլն Հայաստանում չեն անցկացնում, այսինքն՝ մենք խթանում ենք, որ այդ փողերը գնան: Չբալանսավորված սպառման հարկերի վրա ավել հարկերի բարդումը խեղումների է բերելու մեր առանց այդ էլ կքված, աղքատիկ շուկայի համար»,- ասաց պատգամավորը:
Փոխնախարարն էլ իր հերթին պատասխանեց. «Դուք նշեցիք մի ռիսկի մասին, բայց բազմաթիվ այլ ռիսկեր կան. օրինակ՝ շատ բարձր եկամուտներ ստացողները գրանցվում են այլ երկրներում և հարկերը վճարում են այնտեղ՝ փաստացի ապրելով և աշխատելով ՀՀ-ում, դրա համար մոտիվացնում ենք, որ այդ հարկերը վճարվեն ՀՀ-ում»: