ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է նոր ընդդիմությունը կրկնօրինակում Փաշինյանին.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախ ասենք, որ նոր ընդդիմություն ասելով՝ նկատի ունենք ոչ այնքան ընդդիմություն ներկայացող խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին, այլ ընդդիմադիր տրամադրություններն ու ընդդիմադիր դիսկուրսն ընդհանրապես: Պարզից էլ պարզ է, որ վաղ թե ուշ այդպիսի տրամադրություններ լինելու էին ու լինելու են, անկախ իշխանության արդյունավետությունից ու լեգիտիմությունից: Ընդ որում, այդպիսի տրամադրությունները լինելու են թե արհեստական՝ սնուցվող հին համակարգի տարաբնույթ մասնիկներից, թե բնական՝ հասարակության տարբեր շերտերում ծնվող դժգոհություններից: 

Որևէ արտառոց բան այս ամենում կարծես թե չկա: Սակայն անհանգստացնող է այն լեզվամտածողությունը, քննադատության և ընդդիմախոսության այն ձևը, ոճը, որով արտահայտվում է այդ դժգոհությունը և որի վրա խարսխվում է ընդդիմադիր հռետորաբանությունը: Փաստացի այս պահին ընդդիմադիր դիսկուրսը մասնավորապես, քաղաքական դիսկուրսն ընդհանրապես որևէ դրական փոփոխություն չի կրել ու շարունակում է հիմնված մնալ անցյալից եկող փոխճանաչման բացակայության վրա: Փաստացի ունենք մի վիճակ, երբ քաղաքական հաղորդակցությունը խզված է:

Իշխանությունները ջանք չեն խնայում կամ կարիքը չեն տեսնում հիմնավորել իրենց այս կամ այն որոշումը, այս կամ այն նշանակումը և միայն ուշացումով են սկսում պարզաբանել ծագող հարցերը: Իշխանության հասցեին հնչող քննադատություններն էլ պարուրված են դավադրության տեսություններով կամ սև–սպիտակի բաժանումներով: Վառ օրինակ է քաղաքային տոնածառի թեման, երբ բացման օրը կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզվել էր մի կին, և բնականաբար կնոջ ինքնահրկիզումը դարձավ կասկածելի արժեքով գնված ու այդպես էլ չպարզաբանված տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հասցեին հնչող քննադատության առանցք: 

Նմանատիպ օրինակները բազմաթիվ են, ու առաջին հայացքից կարող է հարց ծագել՝ չէ՞ որ ներկայիս իշխանությունները, երբ ընդդիմության դերում էին, նույն սկզբունքով էին առաջնորդվում՝ քարը քարին չթողնելով, առիթ անառիթ քննադատելով իշխանություններին: Պատասխանը, ցավոք, այս դեպքում դրական է: Բայց դրական չէ այն միտումը, որ կարծես թե հիմա էլ շարունակվելու է նույն տրամաբանությունը: Ավելին՝ մաքսիմում բացասական է, որ այս փակ ցիկլը կարող է շարունակվել, ու դեստրուկտիվ քննադատությամբ իշխանության եկածներին փոխարինելու գան էլ ավելի դեստրուկտիվ քննադատողներ: Սա գուցե հաջողություն կլինի նման մտադրություն ունեցողների, բայց ոչ Հայաստանի համար: 

Իշխանությունն, իհարկե, իր կողմից անելու ահռելի բան ունի, հատկապես քաղաքական խզված հաղորդակցության առողջացման նշաններ տալու համար, որովհետև ի վերջո խզման հետևանքներն իր գլխին են ջարդվելու: Ընդդիմությունն էլ ի վերջո պետք է դուրս գա անպատասխանատվության ցիկլից՝ չկարծելով, որ եթե իշխանություն չես, ուրեմն չունես պատասխանատվություն հասարակության առաջ, և ի վերջո չխառնի սկզբունքայնությունը անպատասխանատու ու սուր քննադատության հետ: Այլապես Հայաստանը վտանգված է մնալ քաղաքականության մասին իռացիոնալ քննարկումների փակ ցիկլում, որն էլ իր հերթին դառնում է մեկ այլ փակ ցիկլի՝ իշխանության մեկուսացման ու ընդդիմության ռադիկալացման ուղիղ ճանապարհ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular