ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք չէ շտապել Հանրապետության հրապարակում որևէ մահկանացուի արձան դնել. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով Հանրապետության հրապարակում ուզում են դնել այդ հանրապետությունը կերտողներից մեկի՝ Արամ Մանուկյանի արձանը: Այդ գործիչն, իմ կարծիքով, իսկապես արժանի է մեծագույն հարգանքի և նույնիսկ խոնարհման՝ հենց նրա, ժամանակակից լեզվով ասած, ոչ կոնվենցիոնալ, «կողմնորոշումային կարծրատիպերը» հաղթահարած վարքի շնորհիվ մենք ունենք պետություն պատմական Հայաստանի փոքր մասում: Բայց պատմական դեմքի նոր արձան դնելու գաղափարը, այնուամենայնիվ, ժամանակավրեպ է՝ հատկապես, որ այդ արձանը պատրաստվում են դնել պետականությունը խորհրդանշող կենտրոնական հրապարակում:

Այդ հրապարակում Լենինի արձանը դնելը նշանակում էր, որ երկրորդ հանրապետությունն ամբողջությամբ և անվերապահ ընդունում է այն գաղափարախոսությունը, որի կրողն էր «պրոլետարիատի առաջնորդը»: Փոխարինել Լենինին որևէ մեկ այլ իրական անձով, մահկանացուով՝ լինի դա Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը կամ թեկուզ Քըրք Քըրքորյանը, կամ Շարլ Ազնավուրը, կնշանակեր, որ մենք ունենք նոր կուռք, նոր փայտագլուխ, որին մենք պետք է երկրպագենք: Իհարկե, պետք չէ քանդել կամ ապամոնտաժել որևէ եղած արձան: Բայց նորերի կառուցման հարցում անհրաժեշտ է շատ զգույշ լինել:

Առաջին հանրապետության ժամանակ չե՞ն եղել «ավազակապետական դրսևորումներ», Արամ Մանուկյանը չի՞ ունեցել սխալներ և մոլորություններ: Ակնհայտ է, որ ամեն ինչ չի եղել այնպես, ինչպես 70 տարի ներկայացնում էր կոմունիստական քարոզչությունը, բայց չի էլ եղել նաև այնքան իդեալական, որքան հիմա փորձում են ներկայացնել Դաշնակցության ներկայացուցիչները: Նույնն, ի դեպ, կարելի է ասել Երկրորդ և Երրորդ հանրապետությունների և դրանց առանցքային դեմքերի մասին:

Չեն կարող վերապահումներ չլինել որևէ երկրի որևէ քաղաքական կամ պետական գործչի, ընդհանրապես` որևէ մահկանացուի հանդեպ: Դուք կհարցնեք` «բա ինչո՞ւ են դրել Ջորջ Վաշինգտոնի, Ուինսթոն Չերչիլի կամ գեներալ դե Գոլի արձանները: Մի՞թե նրանք կատարյալ էին, և նրանց բոլոր գործողությունները` անվիճելի»: Խնդիրն այն է, որ այս դեպքում խոսքը կայացած պետությունների մասին է, որտեղ հասարակական մակարդակով ձևակերպված է ազգային շահը: Եվ հետո այնպես չէ, որ, ասենք, Վաշինգտոնի արձանը հանել են (որովհետև պարզվեց, որ նա վատն էր) և տեղը դրել են, օրինակ, Ֆրանկլին Ռուզվելտի արձանը: Մի խորհրդանիշը մյուսով փոխարինելը` հենց դա է ոչ հասուն պետականության հատկանիշը:

Դրա համար եմ ասում` պետք չէ շտապել Հանրապետության հրապարակում որևէ մահկանացուի արձան դնել: Թող մեր հասարակության մեջ արմատավորվի պետական մտածելակերպը, այդ պարագայում միայն հասարակությունը կորոշի, թե ինչպիսի խորհրդանիշ է իրեն պետք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular