ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրան միշտ կհիշեն որպես համեստ ու պարզ մի երիտասարդի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն է:

Նրա մանկության ընկերը՝ Արման Ասլանյանը, ում հետ մեծացել են, սովորել նույն դպրոցում, ընկերոջը բնութագրում է որպես շատ համեստ, պարզ ու ամաչկոտ մի երիտասարդի, ով միմիայն լավ հիշողություններ է թողել:

«Շատ մտերիմ ընկերներ ենք եղել: Հենց այդպես ժպտերես ու պարզ էլ նրան կհիշեմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Արմանը:

Դավիթը ծառայությունը սկսել էր Արմավիրի տանկային զորամասում, վեցամսյա զորավարժանքներն անցնելուց հետո տեղափոխվել էր Մարտակերտ:

«Երբեւէ որեւէ դժգոհություն ցույց չի տվել: Ծառայության ժամանակ միշտ կապի մեջ ենք եղել, զանգում, ասում էր, որ ամեն ինչ լավ է, որեւէ խնդիր չունի»:

Դավթի ուսուցչուհին՝ Լուսինե Մխիթարյանը դասավանդել է նրան դեռեւս 7-րդ դասարանից: Տիկին Լուսինեն պատմում է, որ  Դավիթը, ինչպես նաեւ դասարանի մյուս տղաները մեծ ոգեւորությամբ էին պատրաստվում զինվորական ծառայությանը:

«Իմ դասարանում 31 աշակերտ կային, որոնցից 21-ը տղաներ էին: Դե, պատկերացրեք, արդեն իսկ պատրաստի ջոկատ էր: Նրանցից միայն պատրաստակամություն եմ տեսել: Իսկ Դավիթն իսկական ընտանիքի երեխա էր, որդիներից կրտսերը:  Նա աչքի էր ընկնում իր բացառիկ համեստությամբ, շատ ընկերասեր եւ նվիրված էր: Նա իմ հիշողություններում հենց այսպիսին էլ կմնա. տղա, ով չէր սիրում նայել դիմացինի աչքերի մեջ»:  

Ուսուցչուհին հիշում է՝ Դավթի ծնողները դեպքից մի որոշ ժամանակ առաջ էին վերադարձել Հայաստան: Մայրը տիկին Լուսինեին ասել էր, որ անհանգիստ է, վերադարձել են որդուն այցելելու համար:

«Դեպքից մի քանի օր առաջ՝ կարծեմ, մարտի  26-ն էր, հանդիպեցի ծնողներին, հենց այդ ժամանակ Դավիթը զանգահարեց, զրուցեցինք:  Ծնողները մյուս երկու որդու հետ Ռուսաստանում էին: Մայրն ինձ ասաց, որ վերջին ժամանակահատվածում մտքում անընդմեջ Դավիթն է եղել, անհանգիստ էր, ուզում էր անպայման տեսնել նրան: Դե, մենք էլ պարբերաբար հետեւում էինք լրատվությանը, որովհետեւ, բացի Դավթից, ծառայող այլ ծանոթներ էլ ունեինք թե հարազատների, թե աշակերտների շրջանում: Առաջին երկու օրը գիտեինք, որ որեւէ տեղեկություն չկա նրանից,  իսկ արդեն ամսի 5-6-ին իմացանք ամեն ինչ »:   

Դավիթ Հայրապետյանը ծնվել է 1997 թվականի մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Զոլաքար գյուղում:

 

Սյուզի Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular