ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նշագծել է Հայաստանի հետ բանակցությունների սահմանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերջերս հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները մոտ ապագայում բանակցություններ կվարեն խաղաղության պայմանագրի շուրջ, և որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Մինչդեռ փետրվարը թեժ ամիս դարձավ Բաքվի և Երևանի համար։

Բաքուն պնդում է, որ փետրվարի 24-ի առավոտյան հայ զինվորականները գնդակոծել են Ղարաբաղի Քելբաջարի շրջանի բնակավայրը։ «Հայտնում ենք, որ մեր ստորաբաժանումները կրակ չեն բացել այդ ուղղությամբ և պայմանական սահմանին կայունություն ապահովելու համար հակառակ կողմի սադրանքի հետ կապված պատասխան գործողություններ չեն ձեռնարկվել», - հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նույն օրը երեկոյան երկրորդ դեպքն է տեղի ունեցել, բայց այս անգամ Նախիջևանի մոտ։

Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդել է, որ ադրբեջանցիներն են առավոտյան հարձակվել, իսկ հայերը չեն պատասխանել։ Իսկ երկրորդ միջադեպը Երևանն ընդհանրապես է թողել առանց մեկնաբանության։

Ինչ էլ որ եղած լինի, դա եղել է արդեն հինգերորդ ռազմական գործողությունը փետրվարի սկզբից։ Առաջին երկուսը տեղի են ունեցել փետրվարի 12-ին և 13-ին։ Եվս մեկ փոխհրաձգություն է տեղի ունեցել փետրվարի 16-ին։ Նշենք, որ փոխհրաձգությունների նման ինտենսիվություն չէր եղել անցյալ տարվա սեպտեմբերից։

Հատկանշական է այն, որ հակամարտության սրացումից խուսափելու համար հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Ադրբեջանին չհարձակման պայմանագիր ստորագրել, իսկ եթե դա չստացվի, խաղաղության պայմանագիր կնքել։ Սակայն Բաքուն չէր արձագանքել այդ նախաձեռնությանը։

«Եթե անցյալ տարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանը մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ապա այժմ խոսում է հայկական տարածքները օկուպացնելու Բաքվի ենթադրյալ ծրագրերի և պատերազմի սպառնալիքի մասին։ Դա պայմանավորված է նրա վրա Ֆրանսիայի ազդեցության աճով։ Փարիզը չի ցանկանում խաղաղություն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև»,- ասել է ադրբեջանական «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։ Ադրբեջանում վստահեցնում են, որ իրենց ուղղված մեղադրանքները հիմքեր չունեն, հայերն են լարվածություն  ստեղծում տարածաշրջանում և խարխլում բանակցային գործընթացը։ Մասնավորապես, փորձագետը հիշեցրել է, որ փետրվարին Ֆրանսիան և Հայաստանը բարձր մակարդակով պաշտոնական այցեր են փոխանակել։ Նախ Փաշինյանին հրավիրել են Փարիզ, դրանից մեկ օր էլ չի անցել և Ֆրանսիայի պաշտպանության նախարարը գնացել է Երևան և շեշտել, որ Հայաստանը կհամալրվի նոր զինտեխնիկայով։

«Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը սառեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում նույնպես Փարիզի ծրագրի մաս է կազմում։ Հավանաբար Փարիզում Փաշինյանին խոստացել են, որ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ազատվի ռուսական ռազմաբազայից, ֆրանսիական զորախումբ կտեղակայվի Հայաստանում, և որը կլինի Հայաստանի անվտանգության երաշխիքը։ Փաշինյանը շտապում է: Նա կարծում է, որ եթե տարածաշրջանում նոր հակամարտություն ծագի, Ռուսաստանը չի պաշտպանի Հայաստանին, իսկ Ադրբեջանը կհասնի իր նոր նպատակներին։ Սակայն ամեն դեպքում, Ֆրանսիան չի փրկի Հայաստանին, Փարիզից ոչ մի «երաշխիք» չի գործի»,- համոզված է Շահինօղլուն։ Միաժամանակ նա կարծում է, որ ֆրանսիական զենքի հնարավոր մատակարարումները Հայաստան և սահմանին հրադադարի խախտման դեպքերի աճը կարող են հանգեցնել նոր պատերազմի տարածաշրջանում։

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը, ընդհակառակը, կարծում է, որ Ադրբեջանն է պատրաստվում նոր սրացման։ «2023 թվականին Բաքուն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրեց Ղարաբաղի վրա։ Ըստ ամենայնի, 2024 թվականին Ադրբեջանի իշխանությունները ուժային ճնշման միջոցով կփորձեն Հայաստանին ստիպել խաղաղության պայմանագիր ստորագրել, որն իրականում կլինի նրա կապիտուլյացիան»,- կարծում է Խալաթյանը։

«Քանի որ եղանակային պայմանները բարելավվում են, մենք կարող ենք ակնկալել փոքր բախումների թվի աճ՝ առանց ծանր տեխնիկայի օգտագործման: Թերևս, եթե Բաքուն և Երևանը սկսեն մոտենալ խաղաղության պայմանագրի կամ իրենց պարտավորեցնող այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոշակի դեէսկալացիա տեղի ունենա։ Բայց մենք դա դեռ չենք տեսնում: Ընդհանրապես, հակամարտության երկու կողմերն էլ գտնվում են բարձր մարտական ​​պատրաստվածության մեջ», ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասի սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովը։ Միաժամանակ, կովկասագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բաքուն չի դիմում Հայաստանի հետ իր խնդիրները լուծելու զուտ ուժային մեթոդների։ Փոխարենը Ադրբեջանը Երևանի հետ շփվելու բազմակողմ մարտավարություն է վարում։ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը բանակցությունների համար, իսկ մյուս կողմից հասկացնում են, թե ինչ կլինի, եթե անտեսվեն իրենց պայմանները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular