ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գետնի վրա» այլ իրողություն է, կենացներում՝ մեկ այլ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ «Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին՝ նրանց ցանկության դեպքում»։ Իր խոսքում նա ընդգծել է․ «Ցավոք, Ղարաբաղի հայերի մեծ մասը հեռացել է տարածաշրջանից։ Դա նրանց ծանր, բայց ինքնակամ ընտրությունն էր։ Այս առնչությամբ կարևոր է ստեղծել պայմաններ նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան անել դա՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում»։

Գրեթե, նույն ժամանակահատվածում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի՝ Արցախից արցախցիների դուրս գալու փաստն ի սկզբանե մտահոգել է ռուսական կողմին, քանի որ բարդ իրավիճակի մեջ է դրել ռուսական խաղաղապահ զորախմբին, որոնք, ստացվում է, անիմաստ են շարունակում իրենց ներկայությունն Արցախում։ Նույն տեղեկությունների համաձայն, եթե բնակչություն Հայաստանից չվերադառնա բնակվելու Արցախում, և եթե Արևմուտքը շարունակի այս հարցով չհետաքրքրվել, ապա Ադրբեջանն ամենայն հավանականությամբ 2025-ին կբարձրացնի Արցախի տարածքը լքելու և խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետը չերկարաձգելու հարցը։

Ստեղծված իրավիճակում սա ամենաբարդ ու ամենացավալի հարցերից մեկն է, որն առկա է որպես հարց կողմերի միջև, սակայն սրան վերաբերվում են այնպես, ասես նման հարց գոյություն չունի։ Ի դեպ, նման վերաբերմունքը չի նշանակում ամենևին, որ հարցը չկա, ու մի օր դրա մասին չեն խոսելու, սակայն, ըստ ամենայնի, այս հարցն ապագայում միանշանակ քննարկման առարկա է դառնալու։ Ավելին, եթե հիմա Բաքուն աս հարցն այսօր չքննարկի, ինչ-որ տարբերակներ չառաջարկի արցախահայությանը, ապա վաղ թե ուշ հարցն օգտագործելու է Արևմուտքը։ Չի բացառվում, որ դա լինի միայն Արցախից ռուս խաղաղապահների հնարավոր դուրս գալուց հետո։

Միանշանակ է նաև, որ ռուսական առաջարկն ընդունելով և բնակչության համար երաշխիքներ տրամադրելով՝ Բաքուն միանշանակորեն դիվիդենտներ կշահի։ Բայցևայնպես արցախցիների հետ պատահածից հետո պարզապես սովորական խոստումները, թե անվտանգություն կլինի, որևէ արդյունք չեն տա։ Այսինքն, եթե ՌԴ ԱԳՆ-ում ցանկանում են, որպեսզի բնակչությունը վերադառնա, խաղաղապահները մնան, ապա ավելի բազմակողմ աշխատանք պետք է անեն, ավելին, պետք է աշխատեն նաև ադրբեջանական կողմի հետ։

Ակնհայտ է, որ այսօր բոլոր միջնորդների և կողմերի ուշադրությունը սևեռված է մեկ հարցի վրա, թե որտեղ են Փաշինյանն ու Ալիևը շարունակելու բանակցությունները և որտեղ են ստորագրելու Խաղաղության համաձայնագիրը։

Ընդհանուր այս իրողությունում ուշադրության արժանի է Ադրբեջանում ՌԴ դեսպանի այն հայտարարության վրա, թե ՌԴ-ն պատրաստ է հյուրընկալել «Խաղաղության համաձայնագրի» եզրափակիչ բանակցությունները։ Սակայն վերջերս Մոսկվան նաև նշել էր, թե հրավեր ՀՀ-ին ուղարկվել է, սակայն պատասխան չի եղել։ Սրան զուգահեռ Շառլ Միշելը զրուցել էր Ալիևի հետ և համաձայնեցրել բարձրաստիճան եռակողմ հանդիպում Բրյուսելում։ Սակայն դրան հաջորդեց այն, որ Ադրբեջանն ԱԳՆ կանչեց Ադրբեջանում ԵՄ դեսպանին, այսինքն, Բրյուսել-Բաքու նոր լարվածություն կարող է սկսվել։ Ինչպես ցույց է տալիս բանակցությունների նախորդ փուլը, նման լարվածությունների դեպքում Բաքուն հրաժարվում է հանդիպումներից։ Այսինքն, չի բացառվում, որ կրկին անորոշ դառնա հանդիպումների ճակատագիրը, առավել անորոշ է նման համաձայնագրի ստորագրումը, քանի որ օրակարգում է սահմանադրական փոփոխությունների և մի շարք այլ բարդ հարցեր։

Ի դեպ, այն ինչ այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Փաշինյանը, թե իրենք «անհոգնել շարունակում են հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին», խոսում է այն մասին, որ փաշինյանական հայացքներում ոչինչ չի փոխվում, իսկ Բաքվի ռազմատենչ հայտարարություններն ու կոնկրետ ապակառուցողական քայլերը ոչ մի վերանայման առիթ չեն հանդիսացել։ Այնպես, որ ինչքան էլ տարբեր բևեռներ ամենատարբեր կոչերն ու տեքստերն ասեն, միևնույն է «գետնի վրա» լրիվ այլ իրողություն է․ արցախցիների վերադարձը գրեթե անհնարին է, իսկ ադրբեջանական զորքը շարունակում է դիրքավորված մնալ ՀՀ սուվերեն տարածքի մի քանի 100 հետկար տարածքում, դե իսկ Փաշինյանն էլ ՀՀ վարչապետն է։

Արմեն Հովասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular