ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. նոր բախումներն ավելի մահաբեր են լինելու. Պուտինը կարող է ռիսկի դիմել Ղարաբաղում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը

– Պարոն Կիրակոսյան, մոտ մեկ ամիս առաջ կանխատեսում էիք, որ Ադրբեջանը կարող է նոր լայնածավալ հարձակում ձեռնարկել մոտ ժամանակներում, մասնավորապես՝ ապրիլին: Այս համատեքստում թերևս ամենակարևոր հանգամանքներից մեկը հակամարտության դինամիկան է, ներքաղաքական, դիվանագիտական և ռազմական գործոնները, որոնք ամեն օր կարող են փոխվել և ազդել ընդհանուր իրադրության վրա: Ի՞նչ դինամիկա եք տեսնում այսօր, կա՞ն արդյոք նոր միտումներ, որոնք կազդեն հակամարտության սրացման հեռանկարի վրա:

– Երկու նոր կարևոր զարգացումներ կան, որոնք միայն ավելացնում են առաջիկա ամսվա ընթացքում Ղարաբաղի շուրջ նոր բախումների վտանգը: Պիտի սպասենք հիմնական հարձակում Ադրբեջանից ապրիլին կամ մայիսին: Առաջինը, այս կանխատեսումը հիմնված է ռազմական իրավիճակի գնահատման վրա: Ապրիլը կամ մայիսը հնարավորության պատուհան է Ադրբեջանի համար ռազմականապես՝ ելնելով եղանակային պայմանների, տեղանքի և տեղագրության գործոններից և նաև այն պատճառով, որ Ռուսաստանից և Իսրայելից զենքի մատակարարումը Ադրբեջանին նախատեսվում է իրականացնել մինչև այդ ժամկետը: Սա ավելի կխրախուսի Ադրբեջանին գնալու հարձակման:

Մյուս պատճառը երկու զարգացումներից մեկն է՝ ներքին, սոցիալ-տնտեսական ճնշումը Ադրբեջանի ներսում, որի պատճառը նավթի գների անկումն է, կոռուպցիան, ազգային արժույթի արժեզրկումը: Ադրբեջանի կառավարության վրա սոցիալ-տնտեսական ճնշման պատճառով՝ ռազմական հարձակումը դառնում է շատ ավելի արդյունավետ միջոց՝ շեղելու բնակչության ուշադրությունը և ազգայնականության հողի վրա համախմբելու ադրբեջական հանրությունը իշխող վարչակարգի շուրջ:

Երկրորդ զարգացումը Ադրբեջանի ռազմական ագրեսիվությունը զսպելու թույլ լծակներն են կամ դրանց բացակայությունը: Ո՛չ Արևմուտքը և ո՛չ էլ նույնիսկ Ռուսաստանը բավարար լծակներ չունեն կանգնեցնելու Ադրբեջանին կամ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, համոզելու չհարձակվել:

Եվ վերջապես, եթե հիշենք նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները, դա Ադրբեջանի առաջին ռազմական հաջողությունն էր 1994 թ. ի վեր՝ հստակ ռազմական առաջադրանքներով՝ բռնազավթել և պահել տարածքներ: Հետևաբար գայթակղությունը չափից ավելի մեծ է Ադրբեջանի համար չկրկնելու հարձակումը: Այդ իսկ պատճառով փետրվարի 25-ի հարձակման փորձը Ադրբեջանի կողմից շատ առումներով Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանության ստուգում կամ ուսումնասիրություն էր և նաև հետագա՝ ավելի լայնածավալ հարձակման նախերգանքը: Հավանական հարձակումը, ըստ երևույթին, չի թիրախավորելու անմիջականորեն Լեռնային Ղարաբաղը: Փոխարենը ադրբեջանական կողմը կթիրախավորի ԼՂ-ի, այսպես կոչված, շրջակա տարածքները: Բայց այս անգամ հայկական բանակը կարող է արագորեն արգելափակել ադրբեջանական կողմի հարձակումը և թույլ չտալ հասնելու ռազմական որևէ հաջողության, որովհետև, ի տարբերություն նախորդ տարվա ապրիլի, Ադրբեջանը հնարավորություն չի ունենա անակնկալի բերելու հայ դիրքապահներին: Բացի այդ, հայկական զինուժը ավելի լավ է սպառազինված, քան նախորդ տարվա ապրիլին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular