ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես փրկվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայում հայերիս պատմական ներկայության ամենամեծ և վառ քարե հուշակոթողը, թերևս, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին է: Բայց քչերը գիտեն, որ այն վերահաս ավերումից փրկել է ծագումով քուրդ թուրքալեզու գրող Յաշար Քեմալը:
Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին կառուցվել է Գագիկ թագավորի հրամանով 915–921 թթ., ճարտարապետը Մանվելն է: 1117–1895 թթ. եղել է կաթողիկոսանիստ եկեղեցի, իսկ 1895–ից հանձնվել է Պոլսո հայոց պատրիարքարանին: 1915 թ. ցեղապսանությունից հետո եկեղեցին լքված է եղել:

Հայկականության հետքերը մաքրելու մտադրությամբ 1951 թ. թուրքական կառավարությունը որոշում է քանդել եկեղեցին:

Այդ տարի դեռևս երիտասարդ, բայց արդեն հայտնի հրապարակախոս Յաշար Քեմալն աշխատում էր «Ջումհուրիեթ» թերթում: Եվ խմբագրի հանձնարարականով մեկնում է Վան: Այստեղ նա ծանոթանում է զինվորական բժիշկ–վիրաբույժ, գնդապետ Ջավիթ բեյի հետ, և նրանից իմանում, որ տեղական իշխանությունները, կատարելով ռազմական գերատեսչության հրահանգը, պատրաստվում են մոտակա օրերին քանդել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին:

Ճարտարապետության գիտակ գնդապետը վրդովված է լինում այդ փաստից և առաջարկում է Քեմալին` որպես «Ջումհուրիեթի» թղթակից, օգտագործել իր կապերը և փրկել եկեղեցին: Չնայած դժվարություններին, նրանք միասին կարողանում են հասնել Աղթամար կղզի և այնտեղ աշխատող բանվորներին հորդորել կանգնեցնել եկեղեցու քանդման աշխատանքները` մինչ հատուկ հրահանգը: Յաշար Քեմալն իր հուշերում պատմում է, որ կղզում աշխատող բանվորներն արդեն հասցրել էին մասամբ քանդել եկեղեցուն հարող շինությունը: 
Հաջորդ օրերի ընթացքում Յաշար Քեմալը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի վերջնականապես դադարեցվի Աղթամարի եկեղեցու ավերումը: Նրան այդ հարցում աջակցություն է ցուցաբերում «Ջումհուրիեթի» խմբագիրը, ով համաձայնում է տպագրել Քեմալի հոդվածները: Իսկ իր հրապարակումներում Քեմալը իշխանություններին և լայն հանրությանը համոզում է, որ եկեղեցին միայն հայերինը չէ, դա նաև Թուրքիայի ժառանգությունն է և պետք է պահպանվի: Բացի հրապարակումները գործի է դնում իր կապերը, հանդիպում տարբեր պաշտոնյաների հետ: Ի վերջո, պաշտոնական որոշում է կայացվում կասեցնել եկեղեցու քանդման աշխատանքները: Եվ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին փրկվում է:

Թեպետ դրանից հետո հալածանքներ են սկսվում Քեմալի և գնդապետ Ջավիթ բեյի նկատմամբ:

Աշխարհահռչակ գրողը, ով երկու անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի, ծանոթ է եղել նաև Վիլյամ Սարոյանի հետ: Ահա թե ինչ է պատմում իրենց առաջին հանդիպման մասին: 1964 թ. էր: Սարոյանը գալիս է Բիթլիս` իր հայրենի քաղաք: Մի օր Քեմալի տան դուռը թակում են: Դուռը բացելով` տեսնում է հաղթանդամ տղամարդու, որը տուն մտնելով խոսում է անգլերեն: «Եվ ես,– հիշում է Քեմալը,– քանի որ լավ անգլերեն չգիտեի, իսկ հիանալի անգլերեն խոսող կինս տանը չէր, ձեռք ու ոտքի լեզվով սկսեցի նրա հետ բացատրվել: Մտքերի փոխանակումը մեր միջև այդպես դժվար կշարունակվեր, եթե չհարցնեի` դուք որտեղացի՞ եք: Ի պատասխան, նա Թուրքիայի քարտեզի վրա ցույց տվեց Բիթլիս քաղաքը…»: Ապա խորհրդավոր հյուրն ասել էր, որ գիտի քրդերեն, ինչն անչափ ուրախացրել էր Քեմալին. «Վերջ ի վերջո ամեն ինչ սահուն ստացվեց, երբ քրդերեն խոսեցինք… Իմ առջև կանգնած էր աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը»:\

Բիթլիս այցի ընթացքում Սարոյանի ուղեկիցների թվում էր: «Նա տեղացի երեխաների հետ այս ու այն կողմ վազեց, ամեն հանդիպածին «հայրենակից» անվանեց, համբուրեց ծառերը, քարերն ու հողը, տեսավ իր երազանքների ծովը` Վանա լիճը, խմեց ջրից: Մի տուն գտավ, որը հավանաբար իր հայրական տունն էր, ծնկի եկավ այդ տան ավերակների մոտ և երկար ժամանակ անձայն արտասվեց: Ատելություն չզգաց, բարկություն չապրեց»,– այսպես էր հիշում Սարոյանին Յաշար Քեմալը:

Իր հայանպաստ գործունեության համար և 90–ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2013 թ. նա արժանացել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: Պարգևը պաշտոնապես նրան հանձնիվել է Ստամբուլում` պոլսահայ համայնքի մշակութային գործիչների ներկայությամբ:

Այդ ժամանակ նա ասել էր. «Ես ինքս ծնունդով Վանից եմ, և հպարտ եմ, որ Գրիգոր Նարեկացու հայրենակիցն եմ։ Այդ հողերը միևնույն ժամանակ մեծ ցավերի և կոտորածների տարածքներ են հանդիսանում: Վերապրած շատ մեծ դժբախտություններ, ոչնչացված շատ մեծ արժեքներ կան, սակայն այսօր մարդկային բոլոր աղետները մաքրելու ճիգեր էլ կան»:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular