ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Սաֆարյանի դատավճիռը սպառնալիք էր ուղղված հասարակությանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը

– Պարոն Ենիգոմշյան, Գևորգ Սաֆարյանի դատավճիռն ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Մենք այլ վճիռ չէինք էլ ակնկալում: Որովհետև ամբողջ այս գործընթացը հիմնված էր կեղծ փաստերի ու վկայությունների վրա: Ավելին` արդեն մեկ տարի քաշքշուկներով բանտում պահելն ինքնին դատավճիռ էր Գևորգի դեմ: Ասեմ, որ վերջին այս տարիներին Հայաստանի դատական գործընթացների մեջ եղել են դեպքեր, երբ մեղադրյալն ու իր պաշտպանը փայլուն իրավագիտական հիմնավորումներով ապացուցել են ոչ միայն իրենց արդարացիությունը, այլև ներկայացրել են ապացույցներ, որ հակառակ կողմը պարզապես գործ է թխել:
Այս դեպքը ևս դրանցից էր: Իրավական գործողությունների ողջ ժամանակահատվածում Գևորգն ու իր դատապաշտպանը հենց այդ են արել: Դատարանում ևս նույնն էր. բացահայտորեն ապացուցում էին, որ սնանկ են մեղադրող կողմի հիմնավորումները: Տուժող կողմն էլ իրականում տուժող չէ` հանձինս տխրահռչակ գնդապետի:
Այո, Գևորգը և պաշտպանը իրականացրեցին գրագետ, փայլուն պաշտպանություն: Սակայն դա չխանգարեց, որ կայացվեր նման դատավճիռ: Ասեմ, որ դա մեզ համար բնավ էլ զարմանալի չէր: Գիտեինք ի սկզբանե, որ գործը թխած գործ էր, ուստի այլ բան ակնկալել չէինք էլ կարող:

– Կարո՞ղ ենք ասել, որ այդ դատավճիռը նաև հասարակությանն ուղղված մեսիջ էր:

– Այո, դա ուղղակիորեն Սերժ Սարգսյանի և իշխող համակարգի քաղաքական պատժիչ գործողություն էր, ի դեմս Գևորգի, ուղղված բոլոր պայքարողների դեմ: Ոչ միան վճիռը, այլև Գևորգի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը մի նպատակ էր հետապնդում` ցույց տալ հասարակությանը, և հատկապես երիտասարդներին, թե իրենց ինչ կսպառնա, եթե համարձակվեն պայքարել արդարության համար, երկրի ինքնիշխանության համար:
Բայց, ինչպես միշտ, այս անգամ ևս իրենց հույսերն ի դերև են լինելու: Որովհետև ինչպես Գևորգը մինչև վերջին վայրկյանը ցույց տվեց, որ ինքը ընկճվողը չէ, այլև բոլոր գիտակից երիտասարդները, և ընդհանրապես հասարակությունը, լավ գիտեն, որ որոշակի զոհողություններ են անհրաժեշտ արդարությանը հասնելու ճանապարհին: Եվ որ գաղութային այս վարչախմբի մոտեցումները ոչ մի կերպ չեն կարող ազդել պայքարող մարդկանց ոգու վրա:

– Այսինքն` Գևորգի տրամադրությունը լավ է:

– Բացարձակապես լավ է: Նա կրկին մարտականորեն է տրամադրված, հոգեպես պինդ է: Դատական վերջին նիստի ժամանակ ևս այլ բան չապացուցեց, քան այն, որ կրկին շարունակում է մնալ պայքարի իր դիրքերում, իր սկզբունքներին հավատարիմ: Մենք չէինք էլ կասկածում, որ այդպես էլ լինելու է:

– Իսկ իրավական գործընթացը շարունակություն ունենալո՞ւ է: Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Գևորգը և դատապաշտպանը պետք է իրար հետ խորհրդակցեն և վերջնական որոշում կայացնեն, թե ինչ են անելու: Այն է` Վերաքննիչ դատարան հայց ներկայացնելո՞ւ են, թե` ոչ: Չնայած դա անելու են ոչ այն ակնկալիքով, որ եթե Վերաքննիչ դատարան դիմեցին, վճիռը կարող է փոխվել: Նման բան չի կարող լինել, քանի որ, այս ամբողջ գործը քաղաքական պատվեր էր և վճիռն էլ նախօրոք էր որոշված: Այնպես որ Վերաքննիչ դատարան դիմելը չի ենթադրի, որ դիմում ենք արդարության ակնկալիքով: Պարզապես դա ևս դիտելու ենք որպես մեր պայքարի շարունակության մի ձև:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular