Կորովին. Հայաստանը պետք է ընտրություն կատարի հօգուտ Ռուսաստանի, հակառակ դեպքում չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆevrazia.org-ը գրում է, որ հայկական պետականությունը անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում կրած պարտությունից հետո գոյատևման եզրին է: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Աշխարհաքաղաքական փորձագիտական կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը։ Փորձագետի կարծիքով դրա պատճառը եղել է Հայաստանի ղեկավարության ոչ միանշանակ քաղաքական դիրքորոշումը։
«Հայաստանը պետք է որոշի, թե ում հետ է` Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի: Առանց այդ որոշման Հայաստանը պարզապես կպայթի, կտոր-կտոր կլինի։ Իսկ որոշելով ուղղվածությունը հստակ քայլեր կկատարի այս կամ այն ուղղությամբ։ Անորոշությունը դեռ ինչ որ կերպ ընդունելի էր, երբ Ռուսաստանը գտնվում էր անաբիոզի, պղտորման, աշխարհաքաղաքական խելագարության վիճակում, որը նկատվում էր 1990-ականներին։ Հիմա Ռուսաստանը արթնացել է այդ աշխարհաքաղաքական երազից, պարզ է ուժերի դասավորվածությունը, որոշված է տրամադրվածությունը, վերադարձել է աշխարհաքաղաքական տրամաբանությունը և այն այսպիսին է - կա Ռուսաստան, Եվրասիական հարթլենդ, և կա դրան հակառակ ատլանտյան Արևմուտքը։ Իսկ մնացածը պետք է կատարեն իրենց ընտրությունը»,- ասել է քաղաքագետը։
Կորովինն ընդգծել է, որ արևմտյան աշխարհի համար աշխարհաքաղաքական առճակատման մեջ հայերը հավերժ կմնան վայրենի, բարբարոս և սպառվող։ Եվրասիական միությունում լինելով Հայաստանը դառնալու է լիովին անկախ և ուժեղ պետություն։ Սակայն դրա համար անհրաժեշտ է առնվազն աջակցել եվրասիական ինտեգրացիոն նախագծերին, հեռացնել բոլոր ռուսաֆոբներին ու արգելել նման քարոզչությունը, փակել բոլոր արտասահմանյան հասարակական կազմակերպությունները։ «Առանց այդ հստակ և միանշանակ քայլերի, Ռուսաստանի համար դժվար կլինի երաշխավորել հայկական պետության անվտանգությունը, իսկ Հայաստանը, իր հերթին, չի ունենա Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները կատարելու կարողություն։ Ի վերջո, որպեսզի հայկական կողմը կատարի իր պարտավորությունները, Հայաստանը պետք է գոնե գոյություն ունենա։ Իսկ դա կարող է լինել կա՛մ Ռուսաստանի հովանավորության տակ գտնվող եվրասիական նախագծերի շրջանակներում, կա՛մ... կա այլ այլընտրանք, որն է այրվել ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի հնոցում»,- ամփոփել է Աշխարհաքաղաքական փորձագիտական կենտրոնի տնօրենը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը