ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Ադրբեջանը կշարունակի Ղարաբաղում գործել ուժի դիրքերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ  Հայաստանն ու Ադրբեջանը ունեն բացարձակապես հակառակ տեսակետներ Անդրկովկասում իրավիճակի կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ։ Այս մասին REGNUM-ի թղթակցին հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը։ Փորձագետի կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների անձնական հանդիպումն անհրաժեշտ էր, որպեսզի ամփոփվի ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակաշրջանի միջանկյալ արդյունքը։ Ըստ նրա ավարտված հանդիպման արդյունքները, եթե չանդրադառնանք իրական կամ մտացածին փակ պայմանավորվածություններին, շատ անորոշ են։ Փորձագետը կարծում է, որ երկու կողմերն էլ սահմանազատմանը մոտենում են հիմնվելով բոլորովին տարբեր քարտեզների վրա։ Փաստն այն է, որ ԽՍՀՄ-ում այդ սահմաններն ունեցել են ոչ թե պետական, այլ զուտ վարչական կարգավիճակ։ Հետևաբար, եթե միութենական հանրապետությունների միջև սահմանները չէին անցնում ընդգծված բնական ջրային և լեռնային պատնեշներով, ապա դրանց գիծը բազմիցս փոխվում էր։ Մասնավորապես, դա պայմանավորված էր լինում լեռնային արոտավայրերում անասունների սեզոնային տեղաշարժերով։

Բացի այդ, փորձագետի կարծիքով, սահմանագծի որոշման հետ կապված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի համար ունի ներքաղաքական և տնտեսական առանցքներ: Այսպիսով, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամների մի զգալի մասը շատ սերտորեն է կապված Սյունիքի մարզի հետ։ Հենց Սյունիքում են գտնվում Հայաստանի ամենամեծ պղնձամոլիբդենային արդյունահանման և վերամշակման գործարանները։ Բացի այդ, տարածաշրջանի ամենամեծ ոսկու հանքավայրը գտնվում է հենց հայ-ադրբեջանական սահմանին։ Ուստի սահմանագծի ցանկացած փոփոխություն ունի չափազանց կարևոր տնտեսական նշանակություն։ Այդ առումով, եթե, այնուամենայնիվ, ստեղծվի սահմանազատման երկկողմ հանձնաժողով, ապա կողմերի միջև շատ լուրջ պայքար կսկսվի։ Բայց սահմանազատման հարցը, ըստ փորձագետի, դեռ համեմատաբար պարզ է. բարդ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Ադրբեջանն իր նախագահի բերանով (բառացի մեջբերեմ) ասել է, որ «կարգավիճակը դժոխք է գցվել»։ Այսինքն նրանք ընդհանրապես հրաժարվում են քննարկել ԼՂՀ-ի որևէ կարգավիճակ»,- ասել է Նովիկովը։ Հայաստանն իր հերթին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների արդյունքում։ Մոսկվան, Վաշինգտոնը և Փարիզը, որպես նրա երեք հիմնական մասնակիցներ, համաձայն են, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս չլուծված իրավական կարգավիճակը պետք է հետագայում քննարկվի Մինսկի խմբի շրջանակներում։ Փորձագետի կարծիքով, Ադրբեջանը, պատերազմում հաղթելուց հետո ուժի դիրքերից է ցանկանում  իրականացնել սահմանազատում և խաղաղության պայմանագիր կնքել բացառապես իր պայմաններով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular