ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևի էներգիան. Հայաստանն անցնում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv–ն գրում է, որ Հայաստանի 200-ից ավելի կրթական և վարչական օբյեկտներ ջերմություն կստանան այլընտրանքային աղբյուրներից։ Կառավարությունը մոտ 4 մլն դոլար է հատկացրել արևային կայանների տեղադրման համար։ MIR 24-ի թղթակից Լիլիթ Մադունցը պատմել է այդ ամենի առաջին արդյունքների մասին։

Չարենցավան քաղաքում ծրագրի շրջանակներում տեղադրվել է առաջին և առայժմ միակ արևային կայանը։ Այժմ մանկապարտեզի շենքը էլեկտրաէներգիայի վրա գումար չի ծախսում. հիմնարկը տարեկան կտնտեսի ավելի քան հազար դոլար և այն կօգտագործի այլ կարիքների համար։ Արդյո՞ք իմաստ ունի անցնել այլընտրանքային էներգիայի:

«Շատ կուզենայի խնայված գումարով բակը կահավորել, որպեսզի երեխաները կարողանան խաղալ այնտեղ։ Կցանկանայի նաև այնտեղ գազոններ ստեղծել, ճոճանակներ տեղադրել»,- ասել է Չարենցավան քաղաքի «Հեքիաթ» մանկապարտեզի տնօրեն Էլմիրա Հակոբյանը։

Որոշ խմբասենյակներ նույնպես վերազինում են պահանջում։ Ժամանակին այդ սենյակներում խաղում էին երեխաները, բայց այսօր դրանք ծառայում են որպես պահեստային սենյակներ, չեն ջեռուցվում և կապիտալ վերանորոգման կարիք ունեն։

«Խնայած գումարը համայնքինն է։ Իհարկե, այդ գումարի մի մասը ծախսվելու է այն օբյեկտի վրա, որը խնայել է գումարը։ Բայց համայնքում կան նաև այնպիսի խնդիրներ, որոնք առաջնային են. օրինակ պետք է լուծել ոռոգման ջրի հարցը կամ կառուցել անվտանգ խաղահրապարակներ»,- ասել է Չարենցավան համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու Աշոտ Ծերունյանը։

Համայնքի բյուջեով տարեկան կտնտեսվի մոտ 56 հազար դոլար։ Ընդհանուր առմամբ հանրապետությունում «արևային» էներգիա կստանա մոտ երկու հարյուր օբյեկտ։

«Ֆոտովոլտային կայանները տեղադրվում են էներգետիկ աուդիտի արդյունքում։ Ընտրվում են այն օբյեկտները, որտեղ էլեկտրաէներգիան ավելի շատ է ծախսվում, քան մյուսները։ Արևային մարտկոցների հզորությունը տատանվում է 5-ից մինչև 15 կՎտ սահմաններում»,- ասել է Հայկական տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը։

Կառավարությունը նախատեսում է նաև պոմպակայաններում տեղադրել արևային մարտկոցներ, ինչը զգալիորեն կնվազեցնի գյուղերի խմելու և ոռոգման ջրի ծախսերը։ Ֆոտովոլտային մարտկոցների տրամադրման ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ տարի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular