Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս հաստատվեց ջրի նոր սակագինը: 2022 թվականից, բացառությամբ անապահով խավի, մյուս սպառողները ջրի համար ավելի բարձր գին կվճարեն: Ջրից բացի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում չեն բացառում նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, թե՛ ջրի՝ արդեն հաստատված, թե՛ էլեկտրաէներգիայի՝ հնարավոր թանկացման ազդեցությունը բավականին բացասական է լինելու: «Սա այն ազդեցությունն է, որը բնակչությանը երկու կողմից է հարվածելու: Մի կողմից՝ սպառողի վրա ունենալու ենք թանկ ծախս հոսանքի և ջրի տեսքով: Հաշվի առնենք նաև, որ եկամուտների բարձրացում չի ակնկալվում ու, արդյունքում, մեծ հաշվով, տնօրինվող եկամուտը նորից նվազում է: Այսինքն, այս քայլով ևս աղքատությունը խորացվում է: Մյուս հարվածը բիզնեսի կողմից է: Այսինքն, ջրի և էլէներգիայի սպառմամբ պայմանավորված՝ բիզնեսի ծախսերն ավելանալու են, ու բիզնեսը ստիպված պետք է գների ճշգրտումներ անի, ինչի հետևանքով նորից գնաճ կլինի: Այսինքն, նույն հոսանքի, ջրի գնի պատճառով սպառողն ավելի թանկ է վճարելու մյուս ծառայությունների ու ապրանքների համար: Եթե բիզնեսը կարողանա ճշրգտումներն օպտիմալ կատարել, ավելի քիչ կտուժի, եթե ոչ՝ ազդեցություն կլինի նաև բիզնեսի վրա, ինչը լավ տեղ չի տանի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Խոսելով սակագների արդարացված կամ չարդարացված լինելու խնդիրներից՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ, ամեն դեպքում, շատ նրբություններ կան, որոնք ակնհայտ չեն ֆինանսական հաշվետվություններից: Նա շեշտեց, որ այդ հանգամանքից ելնելով՝ նշված առումով դժվար է մասնագիտորեն քննարկել իրավիճակը:

Նաիրի Սրագսյանը միևնույն ժամանակ մատնանշեց ակնհայտ հանգամանքների ու երկրորդ շահագրգիռ կողմի մասին. «Սակագների բարձրացման երկրորդ շահագրգիռ կողմը պետությունն է: Կառավարությունը շահագրգռված է սակագների բարձրացման համար, որպեսզի ավելի շատ հարկեր հավաքի, որպեսզի «քայլողների» համար կարողանան մեքենա ձեռք բերել, այլ ճոխություններ ապահովել: Խոսքը կառավարության փնթիության, ոչ կոմպետենտության պատճառների մասին է: Իրականում չեմ կարող ասել՝ բարձր որակի կառավարման ու ճգնաժամի բացակայության դեպքում կխուսափեի՞նք բարձրացումներից, քանի որ, ամեն դեպքում, կառավարությունն ագահ է և ուզում է շատ հարկ հավաքագրել: Միգուցե ընկերությունները բարձր շահութաբերություն ունենան, բայց կառավարությունը, ամեն դեպքում, հարկերի իր ակնկալվող չափը չհավաքագրելու պարագայում նորից սակագների բարձրացման գնա:

Ընդհանրապես, երբ կառավարությունները որոշակի ծախսեր սպասարկելու ավելի շատ ակնկալիքներ են ունենում, առաջին հերթին «կպնում են» լայն սպառման ապրանքներին ու ծառայություններին: Այդ դեպքում տեղաբաշխվածությունը շատ ավելի ծավալուն է լինում: Այսինքն, եթե հոսանքի գինը 10 դրամով ավելացնեն, դա բոլորի վրա ազդեցության տեսանկյունից փոքր է լինելու, բայց իրենց համար մեծ էֆեկտ է ունենալու: Խոսքը նաև ջրի, գազի, բենզինի ու մյուս վառելիքների մասին է: Հիշենք՝ երբ բենզինը թանկացավ, ասում էին՝ համաշխարհային շուկայում բարելը թանկացել է, հասել պատմական՝ 120 կամ ավելի դոլարի: Հիմա բարելն իջել է 68 դոլար, բայց մենք բենզինի գնի նվազում չունենք: Ընդ որում, դեռ այն ժամանակ իրենց սուտը բռնելով՝ ասում էինք՝ բարելի այդքան թանկացումն ամբողջ բենզինի ինքնարժեքի վրա ընդամենը 10 տոկոսի ազդեցություն է թողնում»:

Մեր զրուցակցի խոսքով, այս դեպքում ևս գործ ունենք ստերի ու կեղծիքների հետ: Անդրադառնալով նաև ավելի վաղ տրված խոստումներին, թե սակագների բարձրացում չի լինելու, Սարգսյանը շեշտեց. «Այստեղ տեղին է նորից տալ պոպուլիստների, խոսքի արժեք չիմացողների կառավարություն որակումը: Իրականում իրենց բոլոր խոսքերի մերկությունը որոշ ժամանակ անց անմիջապես ապացուցվում է:Հայտարարում են, որ սակագների բարձրացում չի լինելու, ինչին անմիջապես սակագների բարձրացում է հաջորդում: Այդ հայտարարություններն այդ պահին ժողովրդից քվե կորզելու համար էին: Հայտարարել, որ սակագների բարձրացում չի լինելու, իրականում շատ ռիսկային է: Պատասխանատու մարդ լինելու դեպքում կառավարության ղեկավարը կամ անդամը կխուսափեին նման հայտարարություններից, քանի որ սակագների վրա ազդեցություն ունեցող բազմաթիվ գործոններ կան: Կառավարությունը շատ դեպքերում կարող է դրանց վրա ազդեցություն թողնելու գործիքակազմ չունենալ: Երբ հայտարարվում է, թե սակագների բարձրացում չի լինելու, նշանակում է՝ այդ մարդն անպատասխանատու է ու պոպուլիստ, պարզապես բնակչությունը դա շատ ուշ է հասկանում: Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»:

Ինչ վերաբերում է աղքատությունը նվազեցնելու քաղաքականության արդյունավետության խնդրին, նա հավելեց. «Մենք ականատես ենք լինում աղքատությունը խորացնելու և աղքատներին ավելի աղքատացնելու քաղաքականությանը: Այլ բան մենք չենք կարող տեսնել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե այս կառավարությունը ոչինչ չանի, տանից դուրս չգա ու աշխատանքի չգնա, հայ ժողովրդի ու պետության վիճակը շատ ավելի լավ կլինի: Պետության կառավարումը որոշակի առումով նման է բիզնեսին: Այն ենթադրում է ունեցած ռեսուրսներով խաղադրույքներ կատարել շատ ավելի շահութաբեր վայրերում, ստանալ շահույթ:

Օրինակ՝ եթե նույն երկու անձինք բիզնեսով են զբաղվում, մեկը զարգանում է, մյուսը՝ ոչ, ուրեմն՝ խնդիրը կառավարման մեջ է: Մեկն, ուրեմն, հեռատես է, կարողանում է ճիշտ ներդրումներ կատարել, մյուսն անհեռատես է, քանի որ սխալ ներդրումների պատճառով սնանկացման է գնում: Հիմա մեր կառավարությունը սխալ խաղադրույքներ կատարող է, որևէ ճշգրիտ որոշում կայացնելու ունակ չէ: Վառ օրինակ բերեմ: Հիմա էլ ասում են՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքն ուզում ենք վերացնել, որովհետև այն, ինչի համար այդ արգելքը սահմանել էին, նպատակին չի ծառայում: Ասում են՝ պատճառն այն է, որ այդ արգելքը Թուրքիայի տնտեսությունը չի էլ նկատել: Երբ արգելքը սահմանում էին, այդ ժամանակ մենք զգուշացրեցինք, որ որոշումը կայացնելուց առնվազն պետք է ինֆորմացիաներ ստանալ, համադրել ու ըստ դրա որոշում կայացնել: Այդ ժամանակ հայտարարեցինք, որ Թուրքիայից Հայաստան ներկրումը իրենց տնտեսության համար 0,2 տոկոս է, ու այդ արգելքը դնելով՝ իրենց վնաս չենք տալիս»:

Շարունակելով՝ Ն. Սարգսյանը շեշտեց, որ իրականում թուրքականը բացառելու ուղղությամբ դեռ վաղուց բոլոր կառավարությունները պետք է աշխատեին, բայց 2020-ի պատերազմի, լոքդաունի ու համաճարակի ծանր հետևանքների ժամանակ նման որոշումն ինքնին խնդրահարույց էր. «Բացի այդ, արգելք սահմանելով՝ կառավարությունը պարտավոր էր գոնե բռնել Թուրքիայից ներկրում իրականացնող բիզնեսի ձեռքն ու ցույց տար փոխարինող շուկաներ, մինչդեռ այդ երկրները փակ էին: Ու այդ պայմաններում պոպուլիստ ու անհասկացող կառավարությունն ընդամենը հանրային տրամադրությունները ժամանակավոր բարձրացնելու համար այդ հիմար քայլին գնաց, ու հիմա ուզում են «հետադարձ» անել, թեպետ այժմ ավելի վտանգավոր քայլի են գնում: Ինչո՞ւ, որովհետև տնտեսությունը հարմարվել է: Բիզնեսը վարկերով, պարտքերով նոր սարքավորումներ ձեռք բերեց, ներմուծվող որոշակի ապրանքներ սկսեցին տեղում արտադրել: Այդքանից հետո, եթե նորից թուրքական շուկան բացեն, էժան ապրանքը լցվի Հայաստան, 2020-ին տուժած բիզնեսները 2021-ին մի հատ էլ կտապալվեն: Սա չհասկանալով որոշումներ կայացնելու վառ օրինակներից մեկն է, ու այս քաղաքականությունն անընդհատ մեր տնտեսությանը դեպի անկում է տանում: Իսկ անկումը միանգամից չի լինելու, քիչ-քիչ է ազդեցությունը լինելու, բայց ընթացքն, ի վերջո, զրոյական կետի է բերելու: Շատերն անգամ չեն ուզում հասնել 0-ական կետին ու գնում են երկրից. տեսնում եք արտագաղթի տեմպերը»:

Նաիրի Սարգսյանը, սակայն, այս պարագայում դեմ է թոշակներն ու նպաստները բարձրացնելու գաղափարին: Նրա խոսքով, ըստ էության, դրանից ո՛չ պետության բեռն է նվազելու, ո՛չ էլ բնակչի հոգսերն են թեթևանալու. «Շատ ավելի լավ կլինի այդ գումարները տնտեսության մեջ ներդնել: Օրինակ՝ որևէ համայնքում ծախսեր կատարելով՝ մի աղբի վերամշակման գործարան բացել՝ աշխատատեղ ապահովելով նույն թոշակառուի ընտանիքի կամ նպաստառուի համար: Դրանով պետության բեռը կկրճատվեր, իսկ մարդիկ ոչ միայն ավելի մեծ գումարներ տնօրինելու, այլև աշխատելու հնարավորություն կունենային: Ավելի լավ է հինգ տարվա մեջ հրաժարվել թոշակներ ու նպաստներ բարձրացնելուց, այդ գումարներն ուղղել ներդրումներին: Այդ դեպքում, հավաստիացնում եմ, հինգ տարի հետո անգամ թոշակների բարձրացման անհրաժեշտություն չի լինի. բայց նշված բանաձևերը չեն կիրառվում»:

Ինչ վերաբերում է զուգահեռ արվող պետական ծախսերին ու սոցիալական անարդարության խնդրին, նա ընդգծեց. «Իշխանությունը տհաս է, բերել է բյուջեի նախագիծ, որն աղերս չունի հետպատերազմյան, հետկորոնավիրուսային և հետճգնաժամային իրավիճակների հետ: Կառավարության նիստին հրատապության կարգով Կապանի դատարանի շենքի վերանորոգման համար գումար են դուրս գրում, բայց մեր զինվորների կացարանները չեն վերանորոգում, նրանք էլ ստիպված առանց կտուրի են քնում: Կալանավայրերը, նաև ՊՆ-ի վարչական շենքն ու այլ նախարարություններ վերանորոգում են, բայց նորից չեն գնում սահմաններ, մինչդեռ պետությունն սկսվում է սահմանային անվտանգությունից:

Բացի այդ, շուտով ձմեռ է գալու, ու Սյունիքի մարզից Հայաստան մտնող բեռները շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնելու, քանի որ այլընտրանքային ճանապարհը բանուկ չի լինելու: Եթե բախտներս չբերի ու այդ ընթացքում զուգահեռ նաև Լարսը փակվի, Հայաստանում սննդի ու տարբեր ապրանքների դեֆիցիտ ենք ունենալու, հիշելու ենք 1990-ականները, երբ մարդիկ հացի համար հերթ էին կանգնում: Այսպիսի լուրջ վտանգներն ու մարտահրավերները չկանխատեսելով՝ վարչական շենքեր են վերանորոգում: Սահմանի նկատմամբ ունեցած վերոնշյալ վերաբերմունքի, բյուջեի նման ծախսերի տեսանկյունից մենք արդեն իսկ անարդար ենք և՛ թոշակառուի, և՛ նպաստառուի, և՛ ամբողջ բնակչության հանդեպ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է
Ամենադիտված