ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սեղմել աքցանը․ Հայաստանն իշխանություն չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանի ամբիոնից շարունակում են քննարկել, թե ով է ուրացողը, ով՝ դավաճանը, Ադրբեջանն ու Թուրքիան արագ տեմպերով յուրացնում են Արցախից զավթած տարածքները, հիմքեր ստեղծում Հայաստանին նոր հարվածներ հասցնելու, իրենց ուզած «զանգեզուրյան միջանցքը» պոկելու ուղղությամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ժամանել է Ադրբեջան, մասնակցել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը: Այն Ադրբեջանում անվանում են «Ղարաբաղի օդային դարպաս»:

Երկու պետությունների նախագահները դրել են Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբանդ ավտոճանապարհի հիմնարկեքը, որն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, առանցքային դեր ունի «զանգեզուրյան միջանցք»-ի համատեքստում: Զանգելանում Էրդողանն ու Ալիևը «խելացի ագրոպարկ»-ի հիմնարկեքի արարողությանն են մասնակցել։ Արցախի գրավյալ Կովսականի Աղաձոր գյուղում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու և հարաբերությունների՝ երկար սպասված կարգավորման համար մթնոլորտն ավելի բարենպաստ է, քան երբևէ։ Նա նշել է, որ եթե Հայաստանն անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, ոչ մի խոչընդոտ չի լինի նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար։

«Անհրաժեշտ է, որ սահմանները որոշվեն ու փոխադարձ ճանաչվեն։ Այդ ըմբռնումը կազմում է բարիդրացիական հարաբերությունների հիմքը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ «կգա օրը, երբ կկարողանան Զանգեզուրից Ստամբուլ մեկնել, իսկ տարածաշրջանի դիրքերը՝ որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն, կամրապնդվեն»: Ըստ էության, Էրդողանը մի ձեռքով երկու ձմերուկ է վերցնում՝ Հայաստանին ստիպելով հրաժարվել Արցախից և Ցեղասպանության ճանաչման գործընթացից՝ նաև շարունակելով պնդել «զանգեզուրյան միջանցք» տրամադրելու պահանջը։ Հայաստանը, եթե նոր և ազգային իշխանություն ունենար, կփորձեր ուշքի գալ պատերազմից ստացած հարվածներից, վերականգներ տնտեսությունն ու բանակը, բարձրացներ երկրի մարտունակությունը: Փոխարենը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունները զբաղված են բացառապես ներքաղաքական հարցերով, ընդդիմադիրներին հալածելով, իշխանությունն ամեն անբարոյական գնով պահպանելով, իսկ Հայաստանի սահմաններն ու պաշտպանունակությունը թողել են բախտի քմահաճույքին։ Սպասում են, թե երբ է գալու նոր աղետը։ Այս տեմպերով, դա էլ հեռու չէ:

Տարոն Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular