ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-Ոստիկանություն՝ 6:1. ուժայինները մրցում են, թե ով ավելի ջանադիր կկատարի հրահանգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդամենը օրեր առաջ կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կրկին էքստազի մեջ էր հայտնվել՝ ապօրինի հրահանգներ իջեցնելով ուժային կառույցներին։ Կորոնավիրուսային իրավիճակը քննարկելիս նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, թե որոշ մարդիկ չարամտորեն վնասարարությամբ են զբաղված, պատվաստումների դեմ քարոզ են իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը ավելի հեռուն գնաց՝ արձագանքելով, թե պետական կառավարման համակարգում անխտիր բոլորը պետք է պատվաստվեն։ ԱԱԾ-ին ու ոստիկանությանն էլ հրահանգեց պատասխանատվության ենթարկել պատվաստումների մասին կեղծ տեղեկանքներ տրամադրող բժիշկներին։

«Ձերբակալեք, կալանավորեք, էդ բժիշկները, ովքեր օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց ու պատվաստանյութը փչացնելու համար շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել», - ասել էր Փաշինյանը:

Ապօրինի հրահանգը իջեցվեց, և ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մրցման մեջ են մտել, թե ով ավելի շատ մարդ կձերբակալի։ Նախ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, թե Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Ազային անվտանգության ծառայությունը, բնականաբար, չէր կարող ետ մնալ։ Տարածված հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են վեց քրեական գործեր՝ թվով վեց բուժհաստատություններում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ, ձերբակալվել են երեք բուժաշխատողներ, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել և կալանավորել են։ Արձանագրենք՝ ապօրինի հրահանգի կատարման առաջին օրը ԱԱԾ-ն ուղիղ վեց անգամ ավելի ջանադիր է կատարել վարչապետի հրահանգը։ Սպասենք առաջիկա օրերի զարգացումներին, ոստիկանությունը հաստատապես կփորձի հետ չմնալ գործընկերներից։ 

Կարեն Համբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular