ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում Կութի մոտակայքում զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար։ Այս մասին հայտարարում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝

1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.

2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո նշված երկու մարզերում ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են.

3. պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին.

4. զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.

5. Գեղարքունիքի Կութ և մյուս գյուղերի հարևանությամն հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը, վտանգված է մարդկանց կյանքի իրավունքը։

Այս ամենին գումարվում է առավել ևս այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքները խաթարում են մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը»,- գրել է Արման Թաթոյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular