ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը սպասողական դիրքորոշում է որդեգրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Կապան ճանապարհին իրավիճակը տևական ժամանակ է՝ անփոփոխ է մնում: Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։

Հարցին, թե արդյոք պաշտոնական Իրանի արձագանքներում այս խնդրի վերաբերյալ փոփոխություններ եղել են իրանագետը պատասխանել է․ «Գորիս-Կապան ճանապարհին առկա խնդրի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը, որը հնչել էր Իրանի արտգործնախարարի կողմից, կարծես փոփոխության չի ենթարկվել: Դրանից հետո որևէ պաշտոնական դիրքորոշում այս ուղղությամբ չի եղել, այսինքն՝ Իրանը հավասարակշռված, ավելի շուտ՝ սպասողական դիրքորոշում է որդեգրել, թե հայկական ու ադրբեջանական կողմերը, ավելի շուտ՝ հայկական կողմը ինչ գործընթացներ կսկսի: Հայաստանում Իրանի դեսպանի արած հայտարարությունը, որ իրանական կողմը սպասում է, որ Հայաստանը պետք է այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ ավարտին հասցնի, խոսում է այն մասին, որ, հավանաբար, հայկական կողմից հայտարարվել է, որ ճանապարահատվածը կամ հայ-իրանական տարանցումը տեղափոխվելու է Տաթևի ճանապարհային հատված»:

Հարցին, թե իրանական կողմը արդյոք պատրաստվո՞ւմ է այլ քայլերի դիմել՝ խնդրի կարգավորման համար Գարիկ Միսակյանը պատասխանել է․ «Իրանի ռազմավարությունը, կարծես թե, ներկա պահին կենտրոնացված չէ միայն Գորիս-Կապան ճանապարհի վրա, այլ, ընդհանրապես, հարավկովկասյան, հատկապես հայ-ադրբեջանական հարաբերություններն է ընդգրկում, նաև մեծ ուշադրություն է դարձնում թուրքական ներկայությանը Ադրբեջանի Հանրապետության տարածքում: Կասպից ծովում թուրքական ուժերի կողմից իրականացված զորավարժությունները ևս ուշադրության կենտրոնում են, ինչն Իրանում բացահայտ բացասական արձագանքի է արժանացել և՛ պետական, և՛ հասարակական մակարդակներում: Երկու օր առաջ էլ տեղեկատվություն տարածվեց, որ Նյու Յորքում Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը որոշում է կայացվել Թեհրանում արտգործնախարարների մակարդակով անցկացնել թուրք-իրանա-ադրբեջանական եռակողմ հանդիպում՝ հավանաբար հենց տարածաշրջանային այս խնդիրները քննարկելու նպատակով»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular