ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անուղղելիները․ Փաշինյանի իշխանությունը վատնում է գումարներն ու ծաղրում ժողովրդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետական գանձարանում փող չկա միայն շարքային քաղաքացիների համար։ Մինչ առողջապահության նախարարությունը հայտարարում է, թե որոշակի կատեգորիաների համար պետպատվերով տրամադրվող բուժօգնությունը դադարեցվում է մինչև եկող տարվա սկիզբ, Ազգային ժողովում կրկին պարգևավճարներ են բաժանում։ Պատգամավորներն ու Ազգային ժողովի աշխատակիցները, խորհրդարանի նախագահի որոշմամբ, անկախության 30-ամյակի առթիվ պարգևավճարներն են ստացել։

Օրենսդիրների հաշվեհամարներին երեկ 381 հազարական դրամ է փոխանցվել։ Երկու ամիս առաջ էլ խորհրդարանը որոշեց պատգամավորական ծախսերի համար օրենսդիրներին տրամադրել ամսական 250 հազար դրամ՝ 473 հազար դրամ աշխատավարձից զատ։ Ստացվում է, որ այս ամիս պատգամավորներն ընդհանուր առմամբ 1 միլիոն, 100 հազար դրամ գումար կստանան։ Իշխող ուժի ներկայացուցիչները բառացիորեն ծաղրում են իրենց ընտրած ու չընտրած քաղաքացիներին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանի համար այդքան պարգևավճարը ընդմանեը սիմվոլիկ գումար է։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին զայրացրել էր պարգևավճարների փոխանցումը։ Ընդդիմությունը հայտարարեց, թե հրաժարվում է պարգևավճարներից և գումարը փոխանցելու է սոցիալական ծրագրերին։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն, օրինակ, այդ գումարը փոխանցել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Իհարկե, ողջունելի մոտեցում է, սակայն այս հարցում հարկավոր է ավելի հետևողական լինել, մասնավորապես, օրենսդրական փոփոխություններով հասնեն պարգևավճարների և հավելավճարների չեղարկմանը, այլապես կստացվի, որ մեկ-երկու ամիս չհրաժարվեն պարգևավճարներից, ապա և նույն հաջողությամբ կստանան դրանք։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժին հանրության և ընդդիմադիր ուժերի վրդովմունքը չի էլ մտահոգում, նրանք իշխանության են եկել բյուջեն լափելու բուռն ցանկությամբ, և գտել են գումարները յուրացնելու «օրինական» միջոցը։ Իսկ այն, որ պատերազմում պարտություն կրած, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցող, տնտեսական լուրջ խնդիրների բախված երկրում այդ գումարները կարելի էր այլ՝ ավելի հրատապ կարիքների համար ծախսել, քան սրճարաններում պատգամավորների հաշիվներ փակելը, «Քաղաքացիական պայմանագրին» չի հուզում։ Ինչպես չի հուզում Հայաստան երկրի ճակատագիրը։

Հայկ Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular