ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գովազդի մասին օրենքի նոր փոփոխությունները կարող են հարվածել խոսքի ազատությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող 65 հարցերի թվում էր նաև «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը: Այս որոշմամբ կառավարությունը նպատակ ունի արգելել շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը:

«Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում»,- նշվում է օրենքի փոփոխվող հոդվածներից մեկում:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։ «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում։ Ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները կհապատասխանեցվեն խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին՝ ավելի հավասարակշռված և մրցակցային միջավայրի ապահովման, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով»:

Այս թեմայով զրուցել ենք մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Հարցին, թե այս քայլով արդոյք հնարավոր է կանխել խաղամոլության աճի խնդիրը մեդիափորձագետը ասել է, որ այս որոշումները կարող են հարվածել «խոսքի ազատությանը»․

«Եթե խաղամոլության աճի խնդիր կա, պետք է լուծվի կոմպլեքս միջոցառումներով, որոնք ենթադրում են օրենսդրական կարգավորումներ, օրինակ՝ խաղամոլության դեմ պայքարում աշխարհում ընդունված պրակտիկա կա, երբ սահմանափակումներ են մտցվում նույն մարդու կողմից խաղադրույքների չափը գերազանցելու դեպքում: Պետք է հաշվի առնել ներկա իրավիճակը՝ այն, որ մամուլի եկամուտները հիմնականում այդ գովազդներից են, որովհետև տնտեսական իրավիճակը բերել է նրան, որ գովազդների գերակշռող մասն այդ ոլորտից է գալիս: Եթե նման որոշում են կայացնում, պետք է նաև կոմպենսացիոն ինչ-որ մեխանիզմներ ստեղծեն, որովհետև սա նաև անուղղակի հարված կարող է լինել խոսքի ազատությանը: Հաջորդն այն է, որ պետք է հաշվի առնել, որ այդ գովազդները, մեկ է, տեսնելու են այլ երկրների կայքերից, որովհետև եթե նայենք, Հայաստանից հիմնական շատ այցելություններ ունեցող կայքերի մի մասն արտասահմանյան կայքերն են»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular