ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան սահմանները բացելու նախապայմաններ ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայի հետ այս պահին բանակցություններ չեն վարվում: Ավելին, թուրքական մամուլը գրում է, որ հիմնականում հայկական կողմն է շահագրգիռ հարաբերություններ հաստատելու, որովհետև անելանելի վիճակում է գտնվում: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

Հարցին, թե ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը թուրքագետը պատասխանել է․ «Էրդողանը սահմանները բացելու պատրաստակամություն է հայտնում: Այդ սահմանները 1993-ի մարտին Թուրքիան է միակողմանիորեն փակել, Հայաստանի սահմանները միշտ էլ բաց են մնացել, Հայաստանը փոխադարձ քայլ չի արել: Միջպետական հարաբերություններում միշտ էլ փոխադարձության սկզբունք գոյություն ունի, Հայաստանն այդ սկզբունքը չի կիրառել: Հիմա Էրդողանը սահմանները բացելու պատրաստակամություն է հայտնում ու սպասում է Հայաստանի պատասխանին: Ինչի՞ համար, դուք եք փակել, դուք էլ բացեք: Դա նշանակում է, որ սահմանները բացելու ինչ-որ նախապայմաններ ունի: Բանավոր հայտարարություն է անում, որ Հայաստանն արձագանքի, Հայաստանի արձագանքի դեպքում Թուրքիան հնարավորություն է ստանում Հայաստանին նախապայմաններ առաջադրելու, ընդ որում՝ սահմանի բացման համար: Իրականում, առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու բացված սահմանները բացելուց մի քանի ժամ հետո կարելի է շատ հեշտությամբ փակել: Եթե նա անկեղծորեն շահագրգիռ է սահմանները բացելու հարցում, ինչը խիստ կասկածելի է, ապա պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի: Այդ դեպքում սահմաններն ինքնըստինքյան բացվում են, դեսպանատներ են բացվում, նորմալ հարաբերություններ են հաստատվում Հայաստանի և Թուրքիայի միջև: Թեև այդ նորմալն էլ խիստ հարաբերական է Թուրքիայի պարագայում: Ես մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել էի հենց այդ առումով, որ եթե Էրդողանը մի բան է ասում, նա արձագանքի է սպասում, Փաշինյանն էլ նրա ուզածը տալիս է: Ասում է՝ Հայաստանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից, մենք էլ այդ ազդակներին դրական ազդակներով պետք է պատասխանենք: Դրական ազդակը կլինի այն, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեն: Էրդողանը միջպետական հարաբերություններում փոխադարձության սկզբունքի մասին, հավանաբար, կիմանա: Իմանալով հանդերձ՝ ստորություն է անում և արձագանքի է սպասում: Դրա համար եմ ասում՝ ի՞նչ դրական ազդակ, Էրդողանն ընդամենը պատրաստակամություն է հայտնել: Մենք 1991-ից ի վեր այնքան դրական ազդակներ ենք ստացել, այդ ընթացքում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը, որն ընդգծված թշնամական է, չի փոխվել Թուրքիայում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular