ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կգործի մինչև 2021թ–ի ավարտը։ Համապատասխան որոշումը կայացվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։

Կառավարությունն էկոնոմիկայի նախարարության առաջարկով թուքական ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարացրեց ևս 6 ամսով, քանի որ նախորդ որոշմամբ սահմանված ժամկետն ավարտվում էր արդեն հուլիսի 1-ին։

«Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքիայի հանդեպ տնտեսական սանկցիա, այլև անվտանգության տեսանկյունից` ՀՀ–ի կողմից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում»,– հարցի ներկայացման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նաև հայտնեց, որ նախորդ 6 ամիսների ընթացքում սահմանված արգելքի արդյունքում Թուրքիայից ներմուծման ծավալները նվազել են շուրջ 70 տոկոսով։ Էապես փոխվել է նաև ներմուծվող ապրանքների կազմը։

«Եթե նախկինում այնտեղ եղել են ավիավառելիք, ցիտրուսային մրգեր, բանջարեղեն, մաքրող միջոցներ, տրիկոտաժե գործվածք, ապա այժմ հիմնականում` շինանյութ, տրիկոտաժե և բամբակե գործվածք, բնական կաշի»,–ասաց Քերոբյանը։

Նա նաև հիշեցրեց, որ տեղական կաշվի արտադրությունը զարգացնելու նպատակով կառավարությունը նաև չմշակված կաշվի արտահանման արգելք է սահմանել, որպեսզի այն էժան գներով արտահանվելու փոխարեն մշակվի տեղում ու արտահանվի արդեն որպես պատրաստի արտադրանք։

Հիշեցնենք` կառավարության սահմանած արգելքը չի տարածվում «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա, ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող և թուրքական ծագում ունեցող այն ապրանքների վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար, ինչպես նաև` ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular