ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ախտանշաններ, որոնք կարող են հուշել քաղցկեղի զարգացման վաղ փուլերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս հիվանդությունը կարող է ախտահարել գրեթե բոլոր օրգաններն ու հյուսվածքները և ախտորոշվել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց վաղ ախտորոշումը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, սակայն խնդիրն այն է, որ օնկոլոգիական հիվադությունները կարող են բավական երկար ժամանակ զարգանալ առանց ակնհայտ ախտանշանի ու մնալ աննկատ, ինչի պատճառով էլ հաճախ հայտնաբերվում են միայն զարգացման ուշ փուլերում, երբ բուժումն արդեն անարդյունավետ է լինում։

Այնուամենայնիվ այս հիվանդությունն առաջացնում է բազմաթիվ ախտանշաններ, որոնք, սակայն, չեն վերագրվում քաղցկեղին ու որպես կանոն անտեսվում են, մինչդեռ դրանք ժամանակին նկատելն ու միջոցներ ձեռնարկելը կօգնի խուսափել լուրջ բարդություններից:

Ինչպես գրում է բրիտանական Express Health պարբերականը, քաղցկեղի դեպքում կարող են նկատվել ախտանշաններ, որոնք ի հայտ են գալիս չարորակ հիվանդության զարգացման վաղ փուլերում, ուստի համարվում են խնդրի մասին նախազգուշացնող կարևորագույն մարկերներ: Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել խնդիրը հնարավորինս շուտ հայտնաբերելու և բուժումն սկսելու համար, քանի որ քաղցկեղը շատ ավելի լավ է ենթարկվում բուժմանը, եթե հայտնաբերվում է զարգացման վաղ փուլերում:

Մասնագետները հորդորում են անպայման ուշադրություն դարձնել օրգանիզմի տված այն ախտանշաններին, որոնք կարող են հուշել քաղցկեղի զարգացման մասին: Նման ախտանշանների շարքին կարող են դասվել քաշի անբացատրելի կորուստը, արտասովոր սաստիկ հոգնածությունը, առատացած գիշերային քրտնարտադրությունը, ախորժակի կորուստը, նոր ի հայտ եկած կայուն ցավը, կրկնվող սրտխառնոցն ու փսխումը, մեզի մեջ արյան հետքերի առկայությունը, կղանքի մեջ արյան հետքերի առկայությունը, ինչի հետևանքով այն կարող է փոխել գույնը, աղիների բնականոն աշխատանքի փոփոխությունը, կանոնավոր ի հայտ եկող տենդը, հազը, որը չի մեղմվում երկար ժամանակ, խալի ձևի կամ տեսքի փոփոխությունը, երկար ժամանակ չապաքինվող մաշկային խոցերը, ավշային հանգույցների մեծացումը, չմեղմվող ցավը կամ ցավոտ զգացողությունները, ինչպես նաև ենթամաշկային պնդացումները, որոնք փոխում են իրենց տեսքը կամ մեծանում են:

Ինչպես փաստում են գիտնականները, գոյություն ունեն քաղցկեղի որոշակի տեսակներ, որոնք ավելի տարածված են, քան մյուսները, ուստի դրանց կանխարգելման համար հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել: Տղամարդկանց շրջանում առավել տարածված են շագանակագեղձի քաղցկեղը, թոքերի քաղցկեղն ու աղիների քաղցկեղը, մինչդեռ կանայք առավել հաճախ բախվում են կրծքագեղձի քաղցկեղի, թոքերի քաղցկեղի և կոլոռեկտալ քաղցկեղի խնդրին:

Ժամանակակից հասարակությունում քաղցկեղի ախտորոշման դեպքերի հաճախացումը գիտնականները կապում են գերպաստերիզացված մթերքի հաճախակի գործածության հետ, ինչը փաստում են նաև BMJ պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքները: Գիտնականները ենթադրում են, որ նմանատիպ մթերքի գործածությունն ավելի քան 10 տոկոսով բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը, ինչը բավական բարձր ցուցանիշ է, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են խուսափել նման մթերքից:

Նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում քաղցկեղով, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում, իսկ դրանք վաղ փուլերում բուժելը միշտ շատ ավելի արդյունավետ է լինում։ Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։ Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular