ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը ցույց է տալիս թյուրքական աշխարհին, որ իրականացնում է իր ծրագրերը. Սաֆրաստյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

actualnews.org-ը գրում է, որ Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք է հայտնել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Էրդողանի ու Ալիևի Շուշի կատարած այցի վերաբերյալ։ Ըստ նրա դիտարկման` այցն իր բնույթով սադրիչ է, Ալիևն ու Էրդողանը դրանով փորձում են ոչ միայն Հայաստանին, Արցախին և ողջ հայությանը, այլ նաև տարածաշրջանին ցույց տալ, որ Թուրքիան այլևս Հարավային Կովկասում հանդես է գալիս նոր կարգավիճակով և Ադրբեջանի հետ իր դաշնակցային հարաբերությունները շատ ավելի խորն են, քան եղել են մինչ օրս։ Ակադեմիկոսը կարծում է, որ  վերոհիշյալ այցը խորհրդանշական է և իր մեջ պարունակում է որոշակի մեսիջ։

«Իսկ պանթյուրքիստական առումով այցը թուրքական աշխարհին ցույց է տալիս, որ Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը, առավել ևս, որ Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, հետևաբար, այցը նաև ուժի ցուցադրում է։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կատարում է Արևմուտքի խնդիրները` մեր տարածաշրջանում հանդես գալով որպես Արևմուտքի ներկայացուցիչ։ Բայդենի հետ հանդիպումից հետո Էրդողանի հայտարարությունը վկայում է, որ նա փորձել է ցույց տալ ամերիկացիներին Թուրքիայի նշանակությունը և կարևորությունը ԱՄՆ–ի ու ՆԱՏՕ–ի ընդգրկուն խնդիրների տեսանկյունից»,– նշել է թուրքագետ–ակադեմիկոսը։

Սաֆրաստյանի գնահատմամբ` Էրդողանը Թուրքիայի կողմից հրահրված ագրեսիվ պատերազմն Արցախում ներկայացնում է որպես Արևմուտքի շահերին նպաստող գործողություն։

Թուրքիան ու Ադրբեջանը «Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին» համաձայնագիր են ստորագրել: Այցի ընթացքում հերթական անգամ լսեցինք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին չարաբաստիկ հայտարարությունը, որը ՀՀ իշխանությունները հերքում են, բայց փաստը մնում է փաստ, որ Թուրքիան և Ադրբեջանն ինտենսիվ աշխատում են, որպեսզի Նախիջևանը ցամաքով կապվի Ադրբեջանի հետ, հետևաբար տվյալ ծրագիրն, ըստ Սաֆրաստյանի, հստակ պանթյուրքիստական բնույթ է կրում և ոչ միայն հակահայկական է, այլև հակաիրանական։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular