ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ համար միակ վստահելի հարցումը, եղել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրածը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Երեկ հրապարակվել է «Գելափի» հարցման արդյունքները, ըստ որոնց առաջատարը Քոչարյանի գլխավորած դաշինքն է՝ 28,7 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը 25,2 տոկոս է: Հանրության մոտ այս արդյունքների նկատմամբ վերաբերմունքը հակասական է, շատերն այն քաղաքական պատվեր են համարում:

Այս թեմայով զրուցել ենք սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ։

Հարցին, թե ինչ սկզբունքով են կատարվում նմանօրինակ հարցումները, սոցիոլոգը պատասխանել է․ «Եթե այդ հարցումները հեռախոսային են, ապա դրանք որպես այդպիսիք քաղաքական վարկանիշ հաշվարկելու համար չեն: Հեռախոսային հարցումների ժամանակ հարցնում են, որ հասկանան, թե, օրինակ՝ մարդիկ որ շամպունը կամ լվացքի փոշին են նախընտրում: Հեռախոսային հարցումը, այն էլ բջջային հեռախոսին, անանունության սկզբունքը խախտում է, հետևաբար, մարդը միշտ մտածում է՝ ի՛նչ պատասխանի: Երկրորդ՝ բջջային հեռախոսներին զանգահարելով հարցումը թույլ չի տալիս հասկանալ, թե որ տարածք ես զանգահարում: Այսինքն, դա ֆունդամենտալ հարցում չէ: Եթե դուք ուզում եք քաղաքական վարկանիշ հաշվել, հեռախոսային հարցման տարբերակն ընտրելը սխալ է որպես այդպիսին: Այդպիսի հարցումը ինչ-որ տվյալ կտա, բայց դուք պետք է նաև պարզեք՝ ում զանգեցիք, ով վերցրեց, կարող է կողքին մարդ կա, հարմար չի պատասխանելը: Ասենք, կարող է ինձ զանգեք, հարցնեք ում ես ընտրելու, ես էլ հաշվի առնելով, թե ով է ինձ մոտ այդ պահին, որը գուցե անծանոթ է, մտածեմ, որ ավելի լավ է մի բան ասեմ, պրծնեմ: Այսինքն, ավելի շատ էդ ներկաների համար պատասխանեմ, քան իմ իրական կարծիքն ասեմ: Դրա համար եմ ասում, որ հեռախոսային հարցումը խախտում է անանունության, կոնֆիդենցիալության սկզբունքները: Նաև այն սկզբունքը, որ ինձ ոչ միշտ է հարմար պատասխանել, դա այն սկզբունքն է, որ ես անծանոթ համարից զանգողներին չեմ պատասխանում: Իսկ մտածե՞լ եք, որ նույն մարդը կարող է 4 հեռախոսահամար ունենալ և եթե ես ուզենամ մանիպուլյացիա անել, տեսնելով, թե ովքեր են ձեզ նախընտրում, հաջորդ անգամ ձեր սիրտը շահելու համար հիմնականում այդ պատասխանները ներառեմ»։

Անդրադառնալով այն հարցին, թե ընտրություններից առաջ իրականացվող հարցումները որքանով կարող են հավաստի լինել` սոցիոլոգը պատասխանել է․ « Ինձ համար միակ վստահելի հարցումը, ընդ որում ոչ թե վարկանիշների, այլ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, եղել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրածը, որում միայն մեթոդաբանության նկարագրությունը երեք էջ է: Դա միակն է, որտեղ կա մանրամասն հաշվետվություն, որից ես հասկանում եմ, որ ամեն մի հարցին, առավելևս՝ այն հարցերին, որոնք նուրբ են, շատ լուրջ են մոտեցել: Օրինակ՝ քաղաքական վարկանիշ չափելու դեպքում գրված է, որ այս հարցին պատասխանել է ընտրանքի այսինչ տոկոսը, որը կազմել է այսքան ձայն: Օրինակ՝ 1000 հոգի է պատասխանել այդ հարցին և եթե ես նայում եմ ներկայացված տվյալները, կարողանում եմ հասկանալ, որ այստեղ ընտրանքի սխալը մեծ է: Միակ ցուցիչը դա է: Դա շաուրմա խփել չի, ամեն մեկը չի կարող հարցում անել: Էլ չեմ ասում, որ մեկնաբանելը ևս դժվար է, այնպես չէ, որ թիվը ունես, կարող ես գրել, դա պետք է վերլուծել, մեկնաբանել: Բացի նրանից, որ իրենք մանիպուլացնում են հասարակությանը, նաև լրագրողին, որը դա օգտագործում է, նրան էլ են դարձնում խամաճիկ: Եթե լրագրողը տպագրում է հարցման տվյալները և դրանց հիման վրա ինչ-որ լուրջ վերլուծություն է անում, բայց տակը բան չկա, ինձ համար դառնում է ոչ պրոֆեսիոնալ: Դա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ կարող եմ մտածել, որ 10 հազար դրամ են տվել, ասել են՝ գրիր»։

Սոնա Գիշյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular