ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի խոսքով՝ Շուշին ապագայում կդառնա թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուսով ենք, որ ապագայում Շուշին կդառնա թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը, Միլլի մեջլիսի հատուկ ժողովում իր ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այս քաղաքում ապրում էին մեծ կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլին, Բյուլբուլը, Նաթավանը և այլ բանաստեղծներ: Այսօր Շուշան վերակենդանանում է: Այս համատեքստում Շուշա քաղաքի՝ որպես Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հայտարարելը հստակ ուղերձ է աշխարհին:

Մեզ համար պատիվ կլինի, եթե հաջորդ տարի Շուշան դառնա թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Իհարկե, ոչ միայն Շուշան, Լեռնային Ղարաբաղը, այլ նաև թուրքական աշխարհի բոլոր մյուս անկյունները աշխարհին են տվել մեծ անհատականություններ», – ասաց Էրդողանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular