ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենտրոնական բանկը խստացնում է վարկեր տրամադրելու կանոնները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Կենտրոնական բանկը քննարկում է վարկերի նոր նորմատիվների ներդրումը: Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԲ ներկայացուցիչները հայտնեցին, որ այժմ այդ նորմատիվները քննարկման փուլում են, սակայն դեռևս չեն ներկայացվել ԿԲ խորհրդի հաստատմանը:

 

Այդ նորմատիվներից մեկը LTV-ն է (Loan to Value), այսինքն՝ վարկի հարաբերակցությունն այն ապրանքի արժեքի նկատմամբ, որի համար այն վերցվում է։ Այդ նորմատիվը նախատեսվում էր գործողության մեջ դնել հուլիսի 1-ից, առաջիկայում այն նախատեսվում է քննարկել ԿԲ խորհրդի նիստում: Առաջին հերթին, այն ուզում են կիրառել հիփոթեքային վարկերի նկատմամբ, որտեղ կա հստակ սահմանված արժեքով ակտիվ (բնակարան)։

Մեկ այլ նորմատիվ է վարկառուի պարտքի բեռի ու նրա եկամուտների հարաբերակցությունը, (Debt to Income, DTI)։ Ճիշտ է, ԿԲ-ում նշում են, որ այդ նորմատիվը Հայաստանի պայմաններում ավելի դժվար է ներդնել. այստեղ միշտ չէ, որ կարելի է հաշվառել վարկառուի իրական եկամուտները (լինի դա ձեռնարկություն, թե ֆիզիկական անձ)։

Ի դեպ, Հայաստանի բանկերը վարկառուների գնահատման ժամանակ կողմնորոշվում են 50- 60 %-ի սահմաններում (այդ ցուցանիշը մնացել է նրանց հայեցողությանը) DTI-ի վրա։ Այժմ այդ տոկոսը, հավանաբար, կնվազի, քանի որ բանկերը սկսում են ավելի խիստ գնահատել իրենց վարկառուներին. Տնտեսության մեջ ռիսկերի ու չաշխատող բանկային վարկերի (հատկապես՝ սպառողական) աճի պայմաններում բանկերը չեն ուզում նոր անհուսալի վարկեր ներգրավել: Ընդ որում՝ ԿԲ-ն «սառեցնում է» վարկերի պահանջարկը՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (վերջին նիստում ԿԲ խորհուրդը կրկին բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով այն 6,5 տոկոսի):

ԿԲ-ում նշում են, որ ապրանքների պահանջարկն աճում է, բայց չեն ուզում այդ ֆոնին «տաքացնել» նաև վարկերի պահանջարկը։ Բանն այն է, որ պահանջարկը պայմանավորված է ոչ թե ակտիվ ներդրումներով, նոր արտադրությունների ու աշխատատեղերի բացմամբ, այլ արտերկրից եկող տրանսֆերտների ներհոսքով ու պղնձի համաշխարհային բարձր գներով։ Այս գործոնները Կենտրոնական բանկում արդարացիորեն համարում են բարենպաստ, բայց ոչ այնքան հուսալի, որ բանկային համակարգը կարողանա հենվել դրա վրա ու դրա հաշվին մեծացնել իր վարկային պորտֆելը։

Բանկերի զգուշավոր մոտեցման ու ԿԲ զսպող միջոցների արդյունքում սպառողական վարկերի պորտֆելը վերջին 12 ամիսների ընթացքում կրճատվել է մոտ 4%-ով: Հիփոթեքային վարկերի համար այն աճում է կառավարության խթանող միջոցների (եկամտահարկի վերադարձման) շնորհիվ։

2021 թվականի մայիսի դրությամբ ֆինանսական համակարգում խնդրահարույց (չաշխատող) վարկերի միջին տոկոսը նախճգնաժամային 2019 թվականի համեմատ աճել է ավելի քան 1 տոկոսով (մինչև 7 տոկոս): Սպառողական վարկերի շարքում, 2019 թվականի համեմատ, այդ ցուցանիշն աճել է 8 տոկոսից մինչև 15 տոկոս: Հիփոթեքի դեպքում այն մնում է շատ ցածր՝ մոտ 2% (հիփոթեքը Հայաստանում շատ պարտաճանաչ են վճարում)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular