Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ Scrabble խաղ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍկրեբբլը (Scrabble) հայտնի սեղանի խաղ է, որը զարգացնում է տրամաբանությունը, բարձրացնում գրագիտությունը, ընդլայնում բառապաշարն ու ուշադրությունը:
Խաղի պատմությունը սկիզբ է առել 1930-ականների վերջին, երբ ամերիկացի ճարտարապետ Ալֆրեդ Բաթսը փորձել է ստեղծել աննագրամաների և խաչբառերի օրինակով մի խաղ, որը կներառեր թե՛ բախտի պահը, և թե՛ նուրբ հաշվարկը:
Խաղի առաջին տարբերակը հայտնվել է 1931 թվականին, այն քիչ է նման եղել ժամանակակից Scrabble-ին և կոչվել է Lexiko: Այն խաղադաշտ չի ունեցել, և բաղկացած է եղել տառերով ստվարաթղթե քարտերի հավաքածուից: Խաղացողները պատահականորեն քարտեր են վերցրել և դրանցով բառեր կազմել: Նման խաղը մեծ ոգևորություն չի առաջացրել, և ոչ ոք չի փորձել զանգվածաբար այն տպագրել: Սակայն Բաթսը չի հուսահատվել և այդ ժամանակի մտավոր խաղերի մեծ մասը վերլուծելուց հետո, 1938 թվականին ստեղծել է խաղի նոր փոփոխություն, որն արդեն ունեցել է 225 վանդակներով խաղադաշտ: Կանոնները նույնպես մի փոքր փոխվել են: Հիմա անհրաժեշտ էր բառեր կազմել պատահականորեն ընկած նշաններից: Խաղը հայտնի է դարձել Criss-Cross Word անունով, որից հետո այն գործնականում չի փոխվել:
1948 թվականին Ալֆրեդը խաղի իրավունքները վաճառել է փաստաբան Ջեյմս Բրունոտին: Բրունոտը փոքր-ինչ փոխել է խաղադաշտը, «բոնուսային» բջիջները և աշխարհին ներկայացրել պարզեցված կանոններով նոր «Scrabble» անվամբ խաղը: Սկզբում խաղը պահանջված չի եղել: Խաղի թողարկման 4 տարվա ընթացքում Ջեյմսը զգալի գումարներ է կորցրել, բայց չի հանձնվել: Նա հավատացել է, որ իր ժամանակը կգա, և չի սխալվել: Scrabble-ը տարեց տարի ժողովրդականություն է ձեռք բերել և արդեն 1953 թվականին Բրունոտը չէր կարողանում բավարարել խաղի վաճառքի պահանջարկը: Արդյունքում նա հեղինակային իրավունքը վաճառում է Selchow and Righter ընկերությանը, որը, ի դեպ, ժամանակին հրաժարվել էր այն գնել Բաթսից` չհավատալով խաղի զարգացման հաջող ապագային: Դրանից հետո Scrabble խաղի տպագրման իրավունքները բազմիցս փոխանցվել են մի հրատարակչական ընկերությունից մյուսին, բայց խաղն ինքնին անփոփոխ է մնացել, և նրա ժողովրդականությունը չի մարել երկար տասնամյակներ:
Մինչ օրս ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 100 միլիոն օրինակ Scrabble խաղ: Ամբողջ աշխարհում այդ հուզիչ խաղի երկրպագուների բազմաթիվ ակումբներ կան, անց են կացվում մրցումներ և մրցաշարեր: Այդ խաղն իրավամբ կարելի է անվանել իր ժանրի դասական: Դրա համար լույս են տեսնում բառարաններ, ստեղծվում են տարբեր փոփոխություններ, Scrabble- ը թարգմանվել է 29 լեզուներով: Եթե ծանոթ չեք Scrabble սեղանի խաղին, գնեք և փորձեք: Չեք զղջա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը