ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանության վերարտադրման դեպքում պետք է խաչ քաշել ոչ միայն պետության, այլև հայ ազգի հեղինակության վրա. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 10-ից դասական քաղաքական դաշտում, չհաշված մի քանի ուժերի մանևրները, եղել է «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքը, և այս վիճակը չի ստեղծվել քարոզարշավի ընթացքում, ուղղակի այսօր շեշտադրումները սրվել են. միաժամանակ, կան ուժեր, որոնք շարժվում են «հասկանանք՝ քամին ուր է փչում, կողմնորոշվենք» սկզբունքով, իրենք էլ հասկանում են, որ շեմը չեն հաղթահարի, բայց իրական ընդդիմությունից ձայներ են փախցնում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Կեղծ ընդդիմադիրներն իրենց խոսքը, թվում է, ուղղում են Փաշինյանին, բայց իրականում հարվածում են նրա հիմնական մրցակիցներին։ Սա տեխնոլոգիա է, երբ այդ քաղաքական ուժերը փորձում են տեղավորվել, և ով էլ հաղթի՝ ասեն, որ օգնել են իրենց, այսինքն՝ լղոզում են պատասխանատվությունը և դիվիդենտներ քաղում՝ անկախ արդյունքից։ Եթե նորմալ իրավիճակում գտնվեինք և նախընտրական փուլում նման դրսևորումներ լինեին, կասեինք՝ սա սովորական քաղաքական պայքար է, բայց այսօրվա իրավիճակում անսկզբունքայնությունը, որի արդյունքը երկրի տորպեդահարված վիճակին նորից հարվածելն է, անընդունելի է»,- ասել է վերլուծաբանը:                                                                                                          

Ըստ Բեքարյանի՝ եթե իշխանությունը վերարտադրվի, կեղծ ընդդիմադիրները կվաճառեն իրենց ծառայությունները նրանց. «Մենք այն իրավիճակում չենք, երբ դասական քաղաքական մոտեցումները կարող են մարսվել, և խոսքը ոչ միայն անծանոթ ուժերի, այլև իշխանության և երկու խորհրդարանական ընդդիմադիրների մասին է։ Նրանցից մեկն առնվազն խոսքի մակարդակով բացառել է կոալիցիան ՔՊ-ի հետ, մյուսը դա չի էլ բացառել։ Մենք ամեն օր բարկանում ենք հերթական դրվագի վրա՝ մոռանալով, որ ունեցել ենք տրամաբանական այնպիսի խեղում, որից հետո սա սպասելի էր»:

Նախկին պատգամավորի կարծիքով՝ ինչպես մաթեմատիկայում, այնպես էլ քաղաքականության մեջ ենթադրության վրա չի կարող ճշմարտություն կառուցվել. «Նոյեմբերի 10-ից հետո նրանք իշխանության են, հիմա մեզ վրա են զարմանում աշխարհում, ասում են՝ եթե այս իշխանությունը դեռևս կա և հավակնում է վերարտադրվելու, ինչո՞ւ եք զարմանում ամենօրյա ցինիզմի և տխմարության վրա։ Որևէ ազգի և պետության համար մենք այսօր հարգանքի որևէ հիմք չենք տալիս, քանի որ ցանկացած մտածող մարդ, եթե տիրապետում է իրավիճակին և հետևում է մեզ, չի կարող հարգել այս վիճակը»:

Վերլուծաբանի պնդմամբ՝ այս իշխանության վերարտադրման դեպքում պետք է խաչ քաշել ոչ միայն պետության, այլև հայ ազգի հեղինակության վրա, դա դեմ է բնության ու տրամաբանության օրենքներին: «Եթե մեր ազգի միջինացված պատկերով հարգանքի որոշ նշույլներ ունենք, դա մենք ռումբով պայթեցնում ենք։ Քվեարկության հայտարարվելիք թվերը տարբերվելու են իրականությունից, քանի որ առնվազն վարչական ռեսուրս է օգտագործվելու, այսինքն՝ պատկերն ինքնին աղավաղված է լինելու։ Իշխանության հողը ոտքի տակից գնում է, նրանց համար կարմիր գծեր գոյություն չունեն»,- ամփոփել է Կարեն Բեքարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular