ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թատրոնը լուրջ վերազինում եւ վերանորոգում ունեցավ». Արմեն Խանդիկյան

ՄՇԱԿՈՒՅԹ

"Իրավունքի" զրուցակիցն է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԸ:

– Պարոն Խանդիկյան, համավարակից ու պատերազմից հետո ի՞նչ նոր ծրագրեր ունի թատրոնը:
– Դեռեւս տարվա սկզբից բավականին շատ, ամենօրյա աշխատանքի մեջ ենք, որովհետեւ զբաղված ենք անցյալ տարվա չխաղացած` 17-18 ներկայացումները վերականգնելու փորձերով: Մայիսի վերջին ավարտեցինք վերականգնողական աշխատանքները, որովհետեւ սա այն թատրոնն է, ուր մենք միանգամից բեմ չէինք հանի մեր մեկ տարի չխաղացած ներկայացումները: Բացի այդ, նաեւ լուրջ վերազինում եւ վերանորոգում ունեցանք: 2020 թվականին հիմնովին վերանորոգվեցին թատրոնի գլխավոր մուտքից սկսած բոլոր չորս հարկերը, ճեմասրահները, աշխատասենյակները, ունեցանք ձայնային եւ լուսային նոր համակարգեր, դահլիճի աթոռներ: Միակ բանը, որը առայժմ չի ավարտվել, դա թատրոնի օդափոխությունն է, որի ավարտին անհամբեր սպասում ենք մենք եւ հանդիսատեսը: Այս ամենին զուգահեռ մենք ս/թ. փետրվարից շաբաթական 3-4 ներկայացումներ ենք բեմ հանում:

– Նոր ներկայացումներով հանդես գալո՞ւ եք:
– Իհարկե, թատրոնում նաեւ նոր ներկայացման փորձեր են արվում: Անպայման նոյեմբեր ամսին բեմ դուրս կգանք: Ներկայացումներից մեկը Ժան Անույի "Օրնիֆլեն" պիեսի բեմադրությունն է, որի բեմադրիչը Հրաչյա Հարությունյանն է: Մյուսի վրա աշխատում եմ ես: Առայժմ փորձասենյակային փորձեր եմ սկսել: Պիեսը ֆրանսիացի դրամատուրգ, գրող, 19-րդ դարի հեղինակ Ալֆրեդ դը Մյուսեի գործերից է, որը կոչվում է "Լորենցաչչո": Ի դեպ, Ալֆրեդ դե Մյուսեն ժամանակին համարվել է Ֆրանսիայի Շեքսպիրը: Բավականին բարդ գործ է, մեզ երկար աշխատանք է սպասվում:

– Դերասանական կազմում փոփոխություններ կա՞ն:
– Այո, դերասանական կազմում կան նոր երիտասարդներ:

 Իսկ նոր ներկայացումների մեջ իրենց ներառե՞լ եք:
– Տարին երկու-երեք անգամ թատրոնում լինում են լսումներ: Լսում ենք դիմորդներին եւ նրանցից ընտրություն կատարում: Սովորաբար մեկ տարի է տեւում մինչեւ նրանց նոր ներկայացումների մեջ ենք ներառում: Մենք նրանց առաջին հերթին ընթացիկ խաղացանկում ենք փորձում: Դրամատիկական թատրոնում արտիստական կազմը համալրելու հնարավորությունը այնքան էլ մեծ չէ: Սակայն պետք է ասեմ, որ մեր թատրոնում մշտապես գործել է արտիստական երեք սերունդ` երիտասարդ, միջին եւ ավագ:

– Հանդիսատեսի առումով հաճախելիությունն ինչպիսի՞ն է:
– Ս/թ. փետրվարից մենք շաբաթական 3-4 ներկայացումներ ենք ունենում:
Հաշվի առնելով երկրում տիրող համավարակը եւ ռազմաքաղաքական լարված իրավիճակը, հաճախելիությունից դժգոհ էլ չենք: Այս առիթով շնորհակալություն դրամատիկական թատրոնի մշտական հանդիսատեսներին: Բացի այդ, ինչպես միշտ հանդիսատեսի վաթսունից- յոթանասուն տոկոսը աղջիկներ եւ կանայք են: Շնորհակալությունս եմ ուզում հայտնել նրանց էլ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ-Հարցազրույցը կարող եք կարդալ նաև «Իրավունք» թերթի վաղվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular