ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկալի էր բովանդակային, ծրագրերի ներկայացման առումով հարուստ քարոզարշավի առկայությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Քարոզարշավի ընթացքի մասին զրուցել ենք վերլուծբան Հակոբ Բադալյանի հետ։

Հարցին, թե ինչպիսի քարոզարշավի ենք ականատես լինում՝ քաղաքագետը պատասխանել է․ «Մեծ հաշվով մենք ականատես ենք լինում պատերազմից հետո ձևավորված քաղաքական իրողությունների շարունակությանը և այս տեսանկյունից արդեն ամեն ինչ ծանոթ տրամաբանության և օրակարգի շրջանակում է: Իհարկե, ավելի ցանկալի էր բովանդակային, ծրագրերի ներկայացման առումով հարուստ քարոզարշավի առկայությունը, բայց մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը»։

Անդրադառնալով այն հարցին, թե քաղաքական ուժերը ինչպիսի շանս ունեն՝ Հակոբ Բադալյանը պատասխանել է․ «Շանսերը գնահատելու համար կարծում եմ դեռ պետք է սպասենք և տեսնենք, թե որ ուժն ինչպես կաշխատի այս ընթացքում ու ինչ արդյունք կստանա, որովհետև ներկայիս քաղաքական գործընթացները բավական արագ են զարգանում և նաև բավական արագ փոփոխվող արտաքին միջավայրում ենք գտնվում ու այս ամենը կարող է շատ կարճ ժամանակահատվածում որոշակի էական փոփոխությունների հիմք դառնալ: Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ հանրային վստահության տեսանկյունից ամենամեծ ռեսուրսն ունի գործող իշխանությունը: Մնացյալ ուժերի համատեքստում, բնականաբար, առաջնային պլանում նախկին համակարգը ներկայացնող ուժերն են՝ առավելապես երկու գործոնի բերումով: Ակնհայտ է, որ նրանք տնօրինում են դեռ նախկինից եկող համակարգային ցանցեր, որոնք բավական ակտիվանում են եղած նյութական ռեսուրսների շնորհիվ, որ տնօրինում է նախկին համակարգը, և, իհարկե, բավական շոշափելի աջակցություն ռուսական շրջանակներից: Սրա մասին է վկայում նաև այն, որ այդ համակարգը ներկայացնող երեք հիմնական ուժերը՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներն ու «ԲՀԿ» -ն, աչքի են ընկնում նաև Ռուսաստանին տրվող հավատարմության երդումներով, հավաստիացումներով, որ հենց իրենք են այստեղ Ռուսաստանի շահը լավագույնս ներկայացնող ուժը:

Այս ընտրարշավում Ռուսաստանն ունի Հայաստանում իր քաղաքական ազդեցությունն ամրացնելու խնդիր՝ հատկապես տարածաշրջանային նոր իրավիճակի ու աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին: Ռուսաստանի համար նվազագույն ու որոշակի առումով առանցքային խնդիր է քաղաքական ընդդիմության դաշտում անվերապահ գերակայություն հաստատելը, իսկ այդ առումով նրա հենման կետը նախկին կառավարող համակարգն է: Սրանով է պայմանավորված, որ այդ համակարգը ներկայացնող տարբեր թևեր փորձում են մրցակցել նաև Ռուսաստանին իրենց հավատարմությունը ներկայացնելու դաշտում»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular