ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղի բարձունքում. ինչպե՞ս է ապրում հայկական եկեղեցին Բաքվին անցնելուց հետո

ՄՇԱԿՈՒՅԹ

iz.ru-ն գրում է, որ «Իզվեստիայի» թղթակիցը այցելել է Դադիվանք եկեղեցի: 13-րդ դարի Դադիվանքը համաձայն պայմանավորվածությունների, պահպանվում է ռուս խաղաղապահների կողմից: Նրա տարածքում ապրում են հայկական եկեղեցու վանականները Ներսես քահանա Հարությունյանի գլխավորությամբ, իսկ շրջակա ամբողջ տարածքը վերահսկվում է ադրբեջանական զինուժի կողմից:

Վանք տանող ճանապարհը անցնում է Օմարի լեռնանցքով` ծովի մակերևույթից 3126 մ բարձրության վրա: Մեքենայի պատուհանից մեկ ձախից, մեկ աջից, ահավոր պատկեր է հայտնվում. սուր ոլորապտույտ ճանապարհ, ներքևում  անդունդներ արագընթաց գետերով, որոշ ոլորաններում վթարված կամ խփված տեխնիկայի կմախքներ: Եկեղեցու մոտ այրված տներ են, որոնցից միայն պատերն են մնացել: Բայց դա ռազմական գործողությունների արդյունք չէ, քանի որ Քելբաջարի շրջանի բնակավայրերում ակտիվ մարտեր չեն եղել. մարտեր են եղել բարձունքների համար: Տները այրել են նոյեմբերի 10-ից 25-ը ընկած ժամանակահատվածում գյուղերը լքող տեղի բնակիչները: Լրագրողներից բացի, ռազմական բեռնատարով Դադիվանք են գնացել Ալբանիայի եկեղեցու հոգևորականները և ուդին համայնքի քրիստոնյա ներկայացուցիչները:

Ուդինները Դադիվանքը (Խուդավենգ) համարում են ալբանական եկեղեցու ժառանգություն, և 2020 թվականի դեկտեմբերից այնտեղ հայ հոգևորականների հետ միասին կիրակնօրյա պատարագներ են մատուցում: Այս ճանապարհորդության նպատակը վանքում զատկի աղոթքն անցկացնելն ու բոլոր քրիստոնեական դավանանքների միասնությունը ցույց տալն էր:

«Մենք չենք պատրաստվում որևէ սադրանք կազմակերպել վանքում: Մենք կբացենք զատկի սեղան, որին կնստեն չորս եկեղեցու ներկայացուցիչներ՝ հայկական, ուղղափառ, ալբանական, և մեզ հետ նաև բողոքականներ կան: Սա հիանալի օրինակ է այն փաստի, որ մենք կարող ենք ընդհանուր լեզու գտնել, որ կան ընդհանուր թելեր, որոնք միավորում են մեր ժողովուրդներին», - «Իզվեստիա»-ի թղթակցին բացատրել է Ալբանո-Ուդինական քրիստոնեական կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին:

Դադիվանքում ռուս լրագրողներին և ուդի համայնքի ներկայացուցիչներին դիմավորել են ռուս խաղաղապահները և ուղղափառ քահանա հայր Բորիսը: Պարզվել է, որ նրա հետ հանդիպումը պլանավորված չի եղել. քահանան շրջել է ռուսական ստորաբաժանումները և պարզապես մտել է նաև Դադիվանք: Հայ եկեղեցու ներկայացուցիչները կանգնել են մի փոքր հեռու և զարմացած նայել ժամանողներին: Նրանք ուդին համայնքի ներկայացուցիչներին թույլ են տվել զատկի պատարագ մատուցել եկեղեցում, բայց հրաժարվում են ներս թողնել ադրբեջանցի լրագրողներին՝ վկայակոչելով այն փաստը, որ Բաքուն նման արգելք է մտցրել հայ լրագրողների համար:

Դադիվանքի վանահայրը՝ Ներսես քահանան, ղեկավարում է վանքը հոկտեմբերյան պատերազմից հետո: Դրանից առաջ նա ծառայել է Ավստրալիայի, Լեհաստանի, Եգիպտոսի եկեղեցիներում:

«Դադիվանքում ինձնից առաջ ծառայող քահանան ամուսնացած էր, իսկ ես կուսակրոն եմ, և բոլորը, ովքեր այժմ այստեղ են նույնպես: Իսկ ամուսնացածները իրենց ընտանիքների հետ հեռացել են, քանի որ անհնար է նրանց հետ այստեղ ապրել: Հիմա մենք արդեն դասական վանական կյանք ենք վարում», - նշել է քահանան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:

Հայ հավատացյալները կիրակի օրերն են գալիս Դադիվանք, բայց ոչ ավելի, քան 10 հոգի. ադրբեջանական կողմը դա բացատրում է կորոնավիրուսով: Տիգրան սարկավագի խոսքով վերջին վեց ամիսների ընթացքում տարածաշրջանում անվտանգության զգացողություն չի առաջացել: Մի փոքրիկ շրջայց կատարելով լրագրողների հետ նա ցույց է տվել  լեռների գագաթների փոքր շինությունները: Դադիվանքի շրջակայքում կան վեց մատուռներ, բայց վանականները չեն կարող մուտք գործել այնտեղ. նրանց արգելվում է դուրս գալ վանքի պարսպապատ տարածքից: Ըստ սարկավագի՝ դիպուկահարներ են մատուռներում հերթապահում: Ճիշտ է դա, թե ոչ, անհնար է եղել պարզել:

«Ամեն կիրակի ուխտավորների հետ բերում են նաև սնունդը: Բայց, օրինակ, ապրիլի կեսերին ադրբեջանական կողմը կորոնավիրուսի պատճառով ուխտավորներին թույլ չտվեց ժամանել, և մենք ոչինչ չստացանք, մի քիչ սոված մնացինք: Բայց լավ է, որ ռուս խաղաղապահներն օգնեցին», - հստակեցրել է Տիգրանը:

Հետպատերազմյան հիմնական խնդիրներից մեկը, որի հետ բախվել է Ղարաբաղը, տարածաշրջանում մշակութային և պատմական ժառանգության պահպանումն է: Հակամարտության երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են հուշարձաններ ոչնչացնելու մեջ և օգնության համար դիմում են համաշխարհային հանրությանը:

Ըստ չճանաչված Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Դադիվանքի օրինակը, որը ռուս խաղաղապահները վերցրել են իրենց պաշտպանության տակ, պետք է տարածվի տարածաշրջանում գտնվող հայկական ժառանգության բոլոր այլ հուշարձանների վրա: Ըստ նրա՝ վերջին 30 տարիների ընթացքում «ամբողջ Ղարաբաղում ոչ մի մզկիթ չի վնասվել», քանի որ «հակամարտությունը միջկրոնական չի ընկալվել»:

«Շուշիի մզկիթը մենք վերանորոգել ենք: Իսկ ի՞նչ են անում նրանք: Ոչնչացնում են մեր եկեղեցիները՝ փորձելով դրանք վերածել ալբանական եկեղեցու, այսինքն վերաշարադրում են պատմությունը», - եզրափակել է քաղաքական գործիչը:

Դավիթ Բաբայանը հիշեցրել է, որ Հայաստանը մի քանի անգամ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ խնդրելով պաշտպանել տարածաշրջանի մշակութային արժեքները: Եվ չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Աուդր Ազուլան հայտարարել է, որ պատրաստ է առաքելություն ուղարկել Ղարաբաղ` մինչ այժմ որևէ հստակ քայլ չի ձեռնարկվել: Կազմակերպության մամուլի ծառայությունը չի արձագանքել «Իզվեստիայի» հարցմանը:

Ադրբեջանի արտգործնախարարության հատուկ հարցերով դեսպան Էլշադ Իսկենդերովը «Իզվեստիային» ասել է, որ Բաքուն կապի մեջ է այդ կազմակերպության հետ և պատրաստում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի այցը հանրապետության վերահսկողության տակ գտնվող շրջաններ:

«Բաքուն ողջունում է Ղարաբաղի ողջ մշակութային ժառանգության գնահատման առաքելությունը, որի մասին բազմիցս հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիևը: Ավելին, մեր համապատասխան գերատեսչությունները կառուցողական երկխոսության մեջ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ. առաքելության տեխնիկական պարամետրերն արդեն համաձայնեցված են: Ուստի այդ թեմայի շուրջ ցանկացած շահարկում անհիմն է, և դրա քաղաքականացումը անընդունելի է», - ընդգծել է դիվանագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular