ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել Հայաստանը չպետք է որևէ զիջումների գնա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կատարած այցից հետո աշխատանքային այցով մեկնել է նաև Բաքու։ Այնտեղ Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ քննարկել են հայ ռազմագերիների և Հայաստանի կողմից Ադրբեջանին տրվող Արցախի ականապատված տարածքների քարտեզների հարցը։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

 - Պարոն Բաղդասարյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք ասուլիսի ժամանակ երկու կողմի հնչեցրած հայտարարությունները։

—  Ես Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը գնահատում եմ, որպես բաց տեքստով մերժում` ռազմագերիներին վերադարձնելու։ Այսինքն դա գնահատում եմ, որպես այդ աստիճանի անթաքույց կերպով հրաժարում նոյեմբերի 10–ի հայտարարություններից։ Եվ կարծում եմ, որ և՛ Հայաստանը, և՛  Ռուսաստանը այդ հարցում անելիք ունեն, որովհետև դա եռակողմ հայտարարություն է։

- Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, թե բոլոր հայ ռազմագերիներին իրենք վերադարձրել են, և հայկական կողմին մեղադրել է ռևանշիստական քայլերի դիմելու համար։ Նման հայտարարությունից հետո Հայաստանը ի՞նչ երաշխիք ունենա, որ Ադրբեջանը կվերադարձնի ռազմագերիներին։

— Այդ հարցում Հայաստանը ընդհանրապես ոչ մի երաշխիք ունենալ չի կարող։ Առավել ևս այս իշխանությունների պարագայում, որովհետև այսօրվա իշխանությունները, կարծես թե չեն համարձակվում որևէ հարցով առարկել Ադրբեջանի իշխանություններին և պատահական չէ, որ անգամ այս Սյունիքով անցնելիք ճանապարհների հարցը  ադրբեջանցիները քննարկում են Ռուսաստանի հետ, պատճառաբանելով, թե իբր հայկական երկաթուղին պատկանում է Ռուսաստանին, մինչդեռ ակնհայտ է, որ Ռուսաստանին է պատկանում միայն երկաթուղին և ոչ թե այն տարածքը, որի վրա գտնվում է այդ երկաթուղին։ Այս տարածքի բացառիկ սուվերենությունը միայն մեզ է պատկանում և  բնականաբար այդ բանակցությունները պետք է մեզ հետ ընթանան և  Ադրբեջանը ընդամենը այդպիսի պատճառաբանություններով ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ ընդհանրապես  արհամարհում է Հայաստանի իշխանություններին։

- Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հայկական կողմը պատրաստ է տրամադրելու Լեռնային Ղարաբաղի ականապատված տարածքների քարտեզները՝ մարդասիրական խնդիրների լուծման նպատակով։ Ադրբեջանի նման հայտարարությունների ֆոնին պե՞տք է հայկական կողմը տրամադրի այդ քարտեզները, թե՞ պետք է, ասենք, ռազմագերիների վերադարձի նախապայմանն առաջադրի։

—  Իհարկե, կարող է և ոչ թե կարող է այլ պարտավոր է այդպիսի նախապայման  առաջարկել և ընդհանրապես չեմ կարծում, որ հայկական կողմը պետք է ինչ-որ  զիջումների գնա քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular