ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Փաշինյանը հասկանա, որ իշխանությունն իր ձեռքից գնում է, կարող է ռազմական պրովոկացիայի գնալ սահմանին․ քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ից հետո, խոշորագույն հարված էր Հայաստանի և Արցախի պետականության գոյության հեռանկարին։ Հայաստանի նորանկախ Հանրապետությունը երբևէ այդպիսի հարված չի ստացել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ նշելով՝ քանի որ գործող իշխանության համար իշխանությունը արժեք է, պետությունը՝ գործիք, նրանք հրաժարական չտվեցին այդ խայտառակ պարտությունից հետո։

Ղևոնդյանի կարծիքով՝ ընդդիմության բողոքի ակցիաները, փողոցային պայքարը անարդյունք էին, քանի որ փորձում էին Փաշինյանի «խաղով» իրեն հաղթել։

«Հենց այնպես չէր, որ նա երեք տարի «սևեր-սպիտակներ» դիսկուրս էր ապահովում, որ հետագայում մի կերպ պահեր իշխանությունը։ Չնայած իշխանությունն ընկած էր փողոցում, և եթե ընդդիմությունն ավելի կտրուկ և հետևողական քայլեր ձեռնարկեր, փաստացի, կարող էր իշխանությունը վերցնել»,-նշեց նա՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ն ամեն օր կորուստ է ունեցել։

Ըստ Ղևոնդյանի՝ արտահերթ ընտրությունների ճանապարհը ճիշտ ճանապարհ չէ, սակայն, կարծես, միակն է։ «Քաղաքական դաշտի ուժերը պետք է կոնսոլիդացվեն ընդդեմ մեկի, որովհետև Նիկոլ Փաշինյանն այս պահին ազգային անվտանգության սպառնալիք է։ Ինքը պայման է ստեղծել, որ հատկապես մարզային ազգաբնակչությունն իրեն սկսի խղճալ և ասի՝ «ինքը մեր տղան է»։ Փաշինյանը թույլ չի տալու, որ իշխանությունն անցնի այլ քաղաքական ուժերին, նա հայտարարեց՝ «հույս չունենաք, որ ես իշխանությունը հանձնելու եմ որևէ մեկին»։ Ես կարծում եմ՝ ընտրության մեկնարկին մենք պետք է պատրաստ լինենք հետընտրական պրոցեսների»,-ասաց նա, ապա անդրադարձավ նաև հարցին, թե ինչ կարող է լինել այդ ժամանակ․

«Ես կարող եմ ենթադրություն անել, որ եթե հասկանան՝ իշխանությունն իրենց ձեռքից գնում է, կարող են ռազմական պրովոկացիայի գնալ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ սահմանին, որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության պարագայում Հայաստանում կարողանան իրենց գործող ստատուս քվոն ապահովել։ Այդ սցենարը կա, չգիտեմ՝ կգործարկեն, թե չէ, բայց պետք է ուշադիր լինել»,-ասաց նա։

Ղևոնդյանի կարծիքով՝ ամենավատ, ամենազազրելի քարոզչական գործիքներն օգտագործվելու են այս ընտրությունների ժամանակ։ «Ես կարծում եմ՝ ընտրական տեղամասերում լինելու են տարաբնույթ բախումներ, ատելության գեներացիան 3 տարվա մեջ այնպես էր կազմակերպվել, որ մարդիկ իրար հետ չեն շփվում, իսկ դրա հիմնական մեղավորը գործող վարչապետն է։ Ես սպասում եմ այն օրվան, երբ գործող վարչապետը պատերազմում ձախողման մեղքը գցի Ռոբերտ Քոչարյանի վրա»,-ասաց նա։

Հարցին՝ ընտրությունների ժամանակ ինչպիսի՞ն կլինի պետական ապարատի կողմնորոշումը, քաղաքագետը պատասխանեց․

«Իշխանությունը կաշառում է ուժայիններին, որ լոյալություն ապահովեն, եթե ավելի խորքային ձևակերպենք՝ ուժայինների մեծ մասն ատում է գործող քաղաքական որոշում ընդունողին։

Ոստիկանությանն ու ուժայինների տարբեր ստորաբաժանումներին մի քանի հարց տամ՝ ինչո՞ւ էին «Ալֆա» ստորաբաժանմանը տարել սահմանի ամենաթեժ կետեր։ Միգուցե պետք չէ՞ր, որ Հայաստանն այլևս «Ալֆա» ստորաբաժանում ունենա, որովհետև նոյեմբերի 9-ին ինչ-որ բան էր ստորագրվելու, դրանից հետո իշխանությունը կարող էր խնդիրներ ունենալ։ Ինչու՞ հարյուրավոր ոստիկաններ մատաղ եղան Շուշիում, Ադրբեջանն ինքն իրեն որոշեց, որ «Մշակույթի տան» շենքը պետք է ռմբակոծի՞։ Արդյո՞ք կա ֆինանսական փոխհատուցման միջոց՝ երկրի վաճառքին մասնակցելու մասով, կարծում եմ՝ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular