Ողբերգական ավտովթար Արարատում. 22-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով 22-ամյա մի տղա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արամ Դավթյանն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը։ Վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը)։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։