Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել

Դատախազ Գեւորգ Սարգսյանի կողմից կայացվել է Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանամն միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, գրել է․

«Չնայած քրեական գործով մեղադրյալ Վահան Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության դատական քննության վերաբերյալ դատախազության պարզաբանումներին, առանձին շրջանակների կողմից իրողությունների աղավաղմամբ հանրության զգացական ընկալումների վրա խաղալով շարունակվում է ձեւավորվել այն անհեթեթ կարծիքը, թե, իբր, Վ. Բադասյանը կալանավորվել է մշտական բնակության վայր չունենալու հիմքով: Հերթական նման փորձը կատարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ֆեյսբուքյան իր գրառմամբ:

Մինչդեռ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վ. Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու մասին իր օրինական եւ հիմնավոր որոշման մեջ արձանագրել է ոչ միայն հիմնավոր կասկածի, այլ նաեւ՝ օրենքով սահմանված կալանավորման ՄԻ ՔԱՆԻ հիմքերի առկայությունը, որոնք փաստարկված ներկայացված են եղել նաեւ վարույթն իրականացնող մարմնի միջնորդության մեջ:

Ի թիվս այլ հիմքերի, դատարանը, հատկապես շեշտել է Վ. Բադասյանի կողմից նոր հանցավոր արարք կատարելու բարձր հավանականությունը:

Այսուհանդերձ՝ ելնելով նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական գործողությունների եւ 10.02.2021թ. ստացված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման արդյունքներից, հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության մեջ մնալու դեպքում պատշաճ վարքագիծ դրսեւորելու պարտավորվածության վերաբերյալ Վ. Բադասյանի կողմից ցուցմունքով տրված հավաստիացումները, ինչպես նաեւ նրա ընտանեկան դրությունը, պատերազմական գործողություններին մասնակցությունը եւ առողջական վիճակը՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազ Գեւորգ Սարգսյանի կողմից կայացվել է Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանամն միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում»։

Նշենք՝ ավելի վաղ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները եւ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆյա Հովսեփյանը միջնորդութուն են ներկայացրել Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու համար։

 

Հիշեցնենք, որ հունվարի 28–ին Եռաբլուրում, Վահան Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  պետք է վերանա ու հեռանա, իսկ եթե չի հեռանում, ուրեմն կվերացնեն ֆիզիկապես, զենքով, ինքը սկսելու է կազմակերպել։ Այս հայտարարությունից ժամեր անց Վահան Բադասյանը ձերբակալվել էր։

 
website by Sargssyan