ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միգուցե հերթական գործողություններն են լինելու Հայաստանի նկատմամբ և բանակը վերջնականապես կազմաքանդելու համար նման հայտարարություններ են հնչեցնում. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ի զրուցակիցն է Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

-Իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հայոց բանակի մասին հայտարարություննրով են հանդես գալիս՝ 30 տարի բանակ չենք ունեցել, մարտունակ բանակ չենք ունեցել ու նմանատիպ ձևակերպումներով։ Միտում տեսնո՞ւմ եք այս հայտարարությունների մեջ։

-Ես անձամբ չեմ լսել այդ հայտարարությունները և գտնում եմ, որ բանակի, նրա մարտունակության մասին հայտարարություններ կարող են անել այն մարդիկ, որոնք որ գոնե մի քիչ հասկանում են՝ ինչ է բանակը, ինչպես է կազմավորվել հայկական բանակը և ինչ ճանապարհ է անցել։ Մնացած բոլոր հայտարարությունները, որոնցով փորձում են մեր բանակի փառավոր ճանապարհը նսեմացնել՝ կատարվում է միանշանակ միտումնավոր։ Որովհետև այդ բանակն այս երեսուն տարիների ընթացքում հաղթանակ է կրել և իր մրցունակության, անընդհատ զարգացման հաշվին կարողացել է պահպանել խաղաղությունը ոչ միայն Հայաստանում և Արցախում, նաև Հայաստանի և Արցախի շուրջը։ Եթե խոսքը գնում է նրանց եզրակացության մեջ այս վերջին պատերազմական գործողությունների պարտությունից ելնելով, ապա կարող եմ ասել, որ դրա պատասխանատուն հենց իրենք են, որ այս երկուսուկես տարիների ընթացքում չես հասկանում, թե ինչ են արել՝ սկսած PR-ով զբաղվելով, համեմատություն անելուց նախկին և նորեր և նաև բանակի ընդհանուր մարտունակության աստիճանը այս կամ այն գործողություններով իջեցնելուց։ Այս պատերազմում իրենց կրած պարտությունից հետո իրենց շարունակական գործողություններն են մեր երկրի արժեքները նսեմացնելու կամ ընդհանրապես ոչնչացնելու կամ էլ մտածում են՝ հերթական գործողություններն են լինելու Հայաստանի հանդեպ և անհրաժեշտ է բանակը վերջնականապես կազմաքանդել և ոչնչացնել, որպեսզի վերջնական պարտությունը կրենք։

-Դուք ի նկատի ունեք Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից բխող վտանգները, թե այլ վտանգներ։

-Ընդհանուր առմամբ այն վտանգները, որոնք որ գալիս են Հայաստանի Հանրապետության շուրջը օղակը սեղմելու և նաև Հայաստանի ու Արցախի վրա հոգեբանական ճնշումները ավելի ուժգին դարձնելու շրջանակներում։

-Պատերազմից հետո ստեղծված իրողության պայմաններում հասարակության աչքում բանակի այս վեկտորով ներկայացումը ի՞նչ վտանգներ ունի իր մեջ։

-Ես գտնում եմ դա նաև վտանգավոր է մեր հասարակության համար։ Որովհետև ի վերջո հասարակությունն է բանակը համալրում և ժողովուրդն է բանակի հետ մարտնչում։ Այս իշխանությունները դարերով մեզ փոխանցված այն առանձնահատկությունը, որ վտանգի պահին մենք միասնական ենք և հավաքական ուժով միավորվում ենք ու դիմագրավում սպառնալիքներին, այս իշխանությունները վերջնականապես ոչնչացրին։ Հիմա հասարակության մեջ մտցնում են այդ վտանգավոր իրողությունը, որ հասարակությունը վերջնականապես հրաժարվի կամ հասարակության ընկալումներում բանակը մնա թույլ կառույց, հաշվի չառնելով, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պատերազմական գործողություններում դեմ առ դեմ կանգնած բանակները որքան էլ թույլ լինեն՝ ամբողջ ջանքերով իրենք մարտնչում են իրենց հայրենիքի համար՝ ընտրելով այս կամ այն ձևաչափը՝ սկսած լայնածավալ գործողություններից՝ վերջացրած պարտիզանական գործողություններով։

-Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, որ Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանը համաձայնել են Արցախի պաշտպանության բանակի լուծարմանը։ Հակվա՞ծ եք հավատալ այս լուրին ու ի՞նչ կլինի Արցախի հետ,եթե այս լուրն իրականություն դառնա։

-Նախևառաջ դա պետք է հարցնել հենց Նիկոլ Փաշինյանից և Վաղարշակ Հարությունյանից՝ իրենք հասարակությանը թող բացատրեն։ Երկրորդը՝ ես գտնում եմ, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Արցախի անվտանգության երաշխավորը՝ ՀՀ Զինված Ուժերը և Պաշտպանության բանակը համատեղ իրենց գործունեությունը և փոխգործակցությունը շարունակեն։ Ես չեմ էլ ուզում հավատալ, որ Արցախի այս պաշտպանական կոնֆիգուրացիայում պաշտպանության բանակ չի կարող լինել Արցախում։ Ամեն ինչ պետք է անել, որ այն նոր թափով, նոր ոգով իր գործունեությունը իր զարգացումն իրականացնի։

-Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանին են վերադարձվել 2 ձերբակալված ադրբեջանցի զինծառայող և 16 հիվանդ ադրբեջանցի։ Ինչո՞վ է պայմանավորված հայկական կողմից ադրբեջանցի գերիներին հանձնելու այդ շտապողականությունը այն դեպքում, երբ Ադրբեջանը կատերգորիկ հակառակ վարք է դրսևորում։

-Շատ լավ է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը խաղաղապահ առաքելություն են իրականացնում Արցախում և նրա շուրջը։ Բայց նաև մենք տեսնում ենք, թե ադրբեջանցիները որքան սկզբունքային են մոտենում իրենց հատվածներում իրենց խնդիրներին և իրեն տեսակետը առաջ տանում։ Իսկ մերոնք միանգամից ամեն ինչում հանձնվել են խաղաղապահ առաքելություն իրականացնողներին, այնինչ պարզ էր, որ Արցախում ղեկավարություն պետք է իրականացնի Արցախի ղեկավարությունը։ Եվ այդ առումով անպայման ամեն ինչ պետք է արվի, որպեսզի գերիները փոխանակվեն բոլորը բոլորի դիմաց սկբունքով՝ հատկապես այն պարագայում, երբ որ վերջին ժամանակահատվածում՝ Խծաբերդի ու հին Թաղերի հատվածում Գյումրիից տեղակայաված կամավորականներից գերևարվածներին Ադրբեջանը չի վերադարձնում ինձ համար անհասկանալի պատճառներով։ Այսինքն, ևս մեկ անգամ կարող ենք փաստել, որ այս իշխանությունները, գտնվելով պարտված հոգեբանական իրավիճակում, որոշակի ճնշման, պարտադրանքի տակ են, իսկ պարտադրանքի տակ գտնվող մարդիկ չեն կարող լիարժեք, հավասարը- հավասարի հետ բանակցել և մեր շահերը առաջ տանել։

-Ջալալ Հարությունյանի նշանակումը Ձեզ համար անսպասելի՞ էր։

-Գիտեք, Զինված Ուժերում այսօր կադրային քաղաքականությունը իրականացնում է այսօրվա ղեկավարությունը՝ իրենցից պետք է հարցնել։ Միաժամանակ կարող եմ ասել, որ Ջալալ Հարությունյանը մեր Զինված ուժերի գրագետ, բանիմաց գեներալներից, ղեկավարներից է և այդ նշանակումը ես գտնում եմ՝ նորմալ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular