ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ժողովուրդը պայքարում է «մտքի մեջ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին ընդդիմության և իշխանության միջև զինադադար է, կարող ենք ենթադրել, որ ժամանակավոր: Ընդդիմությանն այս փուլում չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին հեռացնել իր եկած ճանապարհով: Նույնիսկ այն դեպքում, որ ընդդիմությունը, բոլոր քաղաքական տարաձայնություններից վեր կանգնելով` միավորվեց և միասնական թեկնածու առաջադրեց: Պայմանն էր, որ ձևավորելու է ժամանակավոր կառավարություն` ապահովելով երկրում կայունություն ու անվտանգություն, և կազմակերպելու է նոր ընտրություններ մեկ տարվա ընթացքում: Իսկ թեկնածուն պատահական կամ փնովված ու կոռումպացված մեկը չէ, Վազգեն Մանուկյանն է՝ իր կենսագրությամբ և անցած ճանապարհով: Բայց սա բավարար չէր, որպեսզի Նիկոլի օգտագործած միջոցները կիրառվեին, և գնար` ինչպես եկել էր:

Թվում էր, որ այդ միջոցների կարիքը չկար, քանի որ մենք կրել ենք խայտառակ պարտություն, կորցրել մեր երկրի մի մասը և մնացած մասի անվտանգությունը: Սպասելի էր, որ նման իրավիճակում պետք է ժողովուրդն ընդվզի հանուն իր անվտանգության եւ պետականության ապագայի: Սակայն ունեցանք տրամագծորեն հակառակ պատկեր։ Ըստ էության, երկուսուկես տարի առաջ ուսանողությունը դուրս եկավ փողոց՝ հանուն սոցիալական արդարության, նույնը չարեց հիմա, երբ կորցրել ենք Արցախը, Սյունիքի անվտանգ դիրքերը և գրեթե մի ամբողջ սերունդ պատերազմում: Չձևավորվեցին հանրային պահանջ ու ընդվզում` հակառակ դեկտեմբերին ընդդիմության հայտարարած գործադուլի և դասադուլի: Սրան չէր սպասում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը: Հաշվարկը սխալ էր: Նիկոլը դուրս եկավ բունկերից, ընդդիմությունն էլ թողեց հարթակը: Բայց հանուն արդարության նշենք, որ ժողովուրդը հաշտ ու խաղաղ չէ այս նոր իրավիճակի հետ, ինչպես իշխանությունն է կարծում` հանգստանալով և հօգուտ գրանցելով իր հաշվին: Պարզապես այս հոգեվիճակում մարդիկ անկարող են հանրային ընդվզման ու պայքարի: Բայց մռլտում են, հայհոյում, ձեռքները խփում գլխներին, թե էս ո՞ւմ բերեցինք իշխանության: Սա է վկայում փողոցներում պատահական ունեցած զրույցները: Թերևս կան այս իշխանությունների այլընտրանքին կասկածողներ նույնպես: Բայց ունենք այն, ինչ ունենք. ամրացող իշխանություն, թուլացող ընդդիմություն և անկարող ժողովուրդ:

Բոլորս ենք հիշում, որ դեկտեմբերին Փաշինյանը հանդես եկավ արտահերթ ընտրությունների առաջարկով՝ որպես պատասխան ընդդիմության՝ իր հրաժարականի պահանջի, հիմա այդ պայմանի արդիականությունը չի տեսնում որպես ինքնապաշտպանություն: Հրապարակում մի վրան է մնացել ընդդիմությունից, թող գան, նստեն` ինչքան կուզեն: Պատրաստվում է 2023-ի հերթական ընտրություններին, անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք նիստ գումարել է թիմակիցների հետ այդ սրտապնդող առիթով, թե՞ ոչ: Իսկ որ տնտեսական անխուսափելի ճգնաժամը, թանկացումներն ու հավանական սովը ցնցում կառաջացնեն երկրում, և մարդիկ դուրս կգան փողոց, տրամաբանական է, բայց ոչ այդքան հուսալի այս հոգեվիճակում գտնվող մեր ժողովրդի համար:

Այնքան կոտրված ենք, որ անգամ սովը իշխանափոխության հանրային պահանջ չի ձևավորի: Մարդիկ ավելի շուտ կարտագաղթեն: Ցավոք, մինչև գարուն մենք չգիտենք, թե Նիկոլը քանի համաձայնագրի տակ կստորագրի, որոնք, հաստատ, չեն բխելու մեր ազգային, պետության ու պատականության շահերից, քանի որ ինքն ընդամենը գործիք է արդեն՝ անկախ իր կամքից կամ գուցե իր կամքով: Ադրբեջանի հետ ստորագրություններն ավարտելով՝ փոխանցվելու է Թուրքիայի հետ ստորագրելուն: Միանշանակ է ու տրամաբանական, որ ընդդիմությունը նոր ռազմավարություն է մշակում, բայց առայժմ ժամկետն ու արդյունքի ակնկալիքը չեն երեւում: Իսկ ժողովրդին համախմբող նոր առաջնորդ միանգամից օդից չի ընկնելու:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular