ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել լեզվի գույնը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Առողջական ցանկացած խնդրի դեպքում մարդու օրգանիզմը միշտ հուշում է դրա մասին այս կամ այն ախտանշանի միջոցով, ուստի դրանց ուշադրություն դարձնելը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել։ Ընդ որում՝ երբեմն միայն մարդու լեզուն զննելն անգամ բավական կլինի նրա առողջական վիճակի մասին պատկերացում կազմելու համար։ 

Մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում իրենց լեզվին, մինչդեռ բժիշկները վստահ են, որ սա այն օրգաններից է, որը կարող է բավական շատ բան պատմել օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին: Մասնագետների խոսքով՝ լեզվի գույնը կարող է հուշել մի շարք խանգարումների կամ հավանական հիվանդությունների մասին՝ օգնելով ժամանակին նկատել դրանք: Բժիշկ-ատամնաբույժ Վլադիմիր Շիպկովը «Аргументы и факты» պարբերականի հետ զրույցում նշել է, թե առողջական որ խնդիրներն են դրսևորվում լեզվի գույնի փոփոխություններով։

Բժշկի խոսքով՝ լեզվի վրա առաջացած արտահայտիչ սպիտակ փառը կարող է լինել նշիկաբորբի, գրիպի, թունավորման կամ դիզենտերիայի ախտանշան։ Եթե այն նկատվում է միայն լեզվի հիմնային հատվածում, ապա չի կարելի բացառել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների հավանականությունը։

Չափազանց գունատ լեզուն կարող է հուշել սակավարյունության մասին, մինչդեռ վառ դեղին փառով պատված լեզուն նախազգուշացնում է լյարդի հիվանդությունների մասին։ Այս դեպքում մեծ է հեպատիտի, խոլեցիստիտի և ենթաստամոքսային գեղձի բորբոքման հավանականությունը։

Եթե փառի պատճառով լեզուն ձեռք է բերում կանաչավուն երանգ, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել տասներկումատնյա աղիքի կամ լեղապարկի հետ կապված խնդիրներով, իսկ լեզվի մոխրագույն երանգը հուշում է այնպիսի վտանգավոր հիվանդությունների մասին, ինչպիսին են ՄԻԱՎ-ը, ստամոքսի քաղցկեղն ու քրոնիկ գաստրիտը։ Ընդ որում՝ սովորաբար մոխրագույն փառն առաջանում է լեզվի ծայրին կամ մեջտեղի հատվածում։

Ինչպես նշում է մասնագետը, լեզուն վառ կարմիր երանգ է ստանում ալերգիաների, վարակների, բորբոքային հիվանդությունների, ինչպես նաև սրտամկանի և արյունաստեղծ համակարգի հիվանդությունների դեպքում, մինչդեռ վառ վարդագույն երանգը բնորոշ է նշիկաբորբին կամ Կավասակիի համախտանիշին։

Լեզվի կապտավուն երանգը կարող է պայմանավորված լինել երիկամների ու թոքերի հիվանդություններով։ Եթե կապտում է լեզվի ստորին հատվածը, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել սրտի հիվանդություններով։ Բացի այդ, մուգ շագանակագույն լեզուն հուշում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարումների մասին, իսկ սև լեզուն՝ աղիների բորբոքային հիվանդությունների մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular