ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Ասատրյան. Հոկտեմբերի 16 մենահամերգ ԱՄՆ -ում

ՎԻԴԵՈ

«Ժառանգությունը շարունակվում է» խորագիրը կրող մենահամերգը առիթ էր՝ զրուցելու ամերիկաբնակ երգչի հետ, որը երգի միջոցով շարունակում է ապրեցնել Արամ Ասատրյանի անունը:

- Որքա՞ն ժամանակ է, որ հայրենիքում չեք բնակվում:

- 2000թ. տեղափոխվել եմ ԱՄՆ: Սկզբում կարոտը խեղդում էր ինձ, բայց առօրյա հոգսերն ու գործերը կլանում էին օրս: Ունեմ հրաշալի ընտանիք, երեխաներս, շնորհիվ կնոջս, ստացել են հայեցի դաստիարակություն: Հաճախել են նաև հայկական դպրոց, նրանք հաջողություններ ունեն ուսման մեջ սպորտում, իսկ երգելու շնորհը կա բոլորի մոտ:

- Սկզբում դժվարությունների հանդիպե՞լ եք, ի՞նչն էր ուժ տալիս առաջ շարժվել:

- Եթե անկեղծ լինեմ, դժվարությունների գրեթե չեմ հանդիպել, իսկ եղած փոքր խոչընդոտները կարելի է հաղթահարել աշխատասիրությամբ: Ես էությամբ չհիասթափվող մարդ եմ, ու եթե ինչ-որ բան չի ստացվում, ձգտում եմ ավելի ուժեղ լինել, մտածում եմ՝ Աստծո կողմից փորձություն էր, պետք է դիմանալ:

- ԱՄՆ ում ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է եղել:

- Համարում եմ, որ ամենամեծ ձեռքբերումը հորս՝ Արամ Ասատրյանի կիսատ գործը շարունակելն է: Կարողացա իրականացնել նրա ցանկություններից մեկը, որ հայ օջախներում հնչեն նրա գուսանական երգերը: Մինչև հիմա աշխատում եմ «Ասատրյան» համույթի հետ, նրանք հորս ընկերներն են: Ուրախ եմ, որ ինձ մոտ ստացվում է թեկուզ օտար ափերում տարածել ասատրյանական շունչն ու ոգին՝ ապրեցնելով նրա անունը:

- Ասատրյանները, մեծից փոքր, երգում են: Ժառանգականությո՞ւն է , թե՞ Աստծո պարգև:

- Ասատրյանները երգի հետ փոխանցում են սեր ու բարություն: Բոլոր նորաստեղծ ընտանիքներում, որ թևածում է մեր երգը, մի տեսակ հատուկ ցանկությամբ ուզում ենք, որ այդ երիտասարդների մոտ սերն ու հարգանքը գերիշխող լինի համատեղ կյանքում: Կարծում եմ՝ մեր գերդաստանում ժառանգական է բնատուր ձայնը, բայց, ինչու ոչ, նաև Աստծո պարգև է:

- Հոկտեմբերի 16 -ին DOLBY կինոթատրոնում ձեր առաջին մենահամերգն է: Ինչպե՞ս եք պատրաստվում:

- Մենահամերգը կարծես քննություն լինի երգչի համար: Այս տարիների ընթացքում բազմաթիվ խնջույքների ժամանակ հազարավոր մարդկանց եմ ուրախացրել, մենահամերգի ժամանակը պիտի հասունանար ու ահա մենք լիարժեք պատրաստ ենք՝ նոր երգացանկ, զուգերգեր, գեղեցիկ շոու ծրագիր, ամեն ինչ՝ հանդիսատեսին գոհացնելու, տպավորիչ երեկո պարգևելու համար:

- Համերգը որևէ խորագիր ունի:

- Այո՛ , ես այն անվանել եմ «Ժառանգականությունը շարունակվում է»: Հայրս միշտ ասում էր՝ ես մի 150 տարի ապրելու եմ, շատերը չէին հասկանում՝ ինչու է այդպես ասում: Նրա խոսքերի տակ հետևյալ միտքն էր, որն ինձ փոխանցեց.

«Տիգրան ջան, քանի իմ երգերը կան ու կհնչեն, ես դեռ ապրելու եմ, կմահանամ այն ժամանակ, երբ էլ չեն երգի դրանք: Վստահ եմ, որ մեզանից հետո ասատրյանական հաջորդ սերունդները նույնպես երգելու են: Արամ Ասատրյանի շունչն ու հոգին մեզ հետ է:

-Անակնկալներ կլինե՞ն համերգի ժամանակ:

-Այո՛, կլինեն, բայց հիմա չբացահայտենք: Մենահամերգը նաև նկարահանվելու է, մինչև Ամանոր հասանելի կլինի համացանցում

- Հայաստանի մասին երգ կհնչի՞:

- Իհարկե, ավելին, լինելու է պրեմիերա: Հայաստանը մեր սրտերում է՝ անկախ բնակության վայրից:

Պատրաստեց Past.am-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular