Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 14-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, որոնց համաձայն՝ Ազգային ժողովում լինելու են ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստանը» դուրս մնաց խորհրդարանից։ ԿԸՀ-ն ավելի վաղ նաև չեղյալ էր հայտարարել երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ, ի դեպ, ԲՀԿ-ն մեծ թվով ձայներ էր հավաքել։ Քաղաքագետ Արմեն Հովասափյանն ասում է՝ ականատես եղանք տոտալիտար, բռնապետական համակարգի հերթական դրսևորմանը, երբ քաղաքականությունը ծառայեցվեց մեկ մարդու շահերին։ «Քաղաքական գործընթացը՝ վերից վար, ծառայեց զուտ մեկ անձի քմահաճույքներին։ Քարոզարշավը նոր էր սկսվել, նա սկսել էր էպիտետներ հնչեցնել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի մասին։ Այդ օրերին կանխազգացում ունեի, որ հետագա ընթացքը լինելու է մոտավորապես այս տրամաբանությամբ՝ ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց ցանկալի տեսքով խորհրդարան ստանան։ Պետք է նաև հաշվի առնենք «Ուժեղ Հայաստանի» հետ կապված վերջին դրվագը, երբ քարոզարշավի վերջին օրը՝ գիշերվա կեսին, ԿԸՀ հայտնի նիստը հրավիրեցին։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը լուրջ դեմքով, խորիմաստ հայացքով փորձում էր հակադարձել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին, թե՝ մի ամբողջ կուսակցության չեմ կարող զրկել ընտրությանը մասնակցելու իրավունքից և այլն։ Եթե փորձենք համադրել մյուս կուսակցության դրվագով տեղի ունեցածը, ստացվում է՝ երեք տեղամասի իքս թվով ձայների վերահաշվարկի կամ ինչ-որ ֆոկուսի արդյունքում մի ամբողջ կուսակցություն զրկվում է 50 հազարից ավելի ձայնից։ Քաղաքացու քվեն ոտնահարվեց, ցույց տվեցին, որ թքած ունեն քաղաքացու քվեի վրա, այսինքն՝ եթե այդ քվեն իրենցը չէ, նշանակում է, որ նրանք կարող են դրա հետ վարվել այնպես, ինչպես ուզում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովասափյանը։

ԿԸՀ նախագահը արձագանքել էր վերաքվեարկություն նշանակելու պահանջին` նշելով՝ պարտադիր չէ վերաքվեարկություն իրականացնել այն ընտրատեղամասերում, որտեղ ընտրության արդյունքները չեղարկվել են։ «Հղումներ էր անում Վենետիկի հանձնաժողովին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին։ Բա ինչո՞ւ չի ասում, որ մեկ ամբողջ ամիս Փաշինյանը փողոցներում ասել է՝ «նստեցնելու եմ, դատելու եմ, ունեզրկելու եմ»։ Մեկ ամիս մարդկանց սպառնացել են, վախեցրել, ձերբակալել ու կալանավորել, ձայնագրություններ հրապարակել, որոնց հիմքը դեռ պետք է հասկանալ։ Հեշտ է միայն ձայնագրությունները հիմք ընդունելով վերդիկտներ կայացնել։ Այո՛, եթե խախտումներ արվել են, պետք է լինի պատասխանատվություն։ Մյուս կողմից՝ չի եղել մի դեպք, որ պատգամավորի թեկնածուներին ձերբակալելու համար դատարանը կամ հակակոռուպցիոնը դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողով, և վերջինս, ասենք մերժի, ասի՝ թեկնածու է, թողեք քարոզարշավը վերջանա, իր անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, ապագայում արդեն բոլոր գործողությունները կարվեն։

Այս ամենն անտեսվել է։ Փորձում են ցույց տալ, որ գերժողովրդավար են, բայց դա հերթական ծխածածկույթն է։ Բոլորս տեսանք, թե ինչպես մի ամբողջ կուսակցության ասացին՝ չեք լինելու խորհրդարանում, որովհետև չենք ուզում, որովհետև մեզ համար երեք հինգերորդի խնդիր ենք լուծում այնտեղ։ Մարդիկ հասան իրենց մուրազին, չնայած դեռ կա սահմանադրական մեծամասնության հարցը, բայց երեք հինգերորդի խնդիրը կարգավորեցին։ Պետք է արձանագրել , որ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Փաշինյանի գլխավորությամբ, իր հայտարարած նշաձողին չի հասել, չի լուծել իր առջև դրած գերխնդիրը՝ ունենալ 65 տոկոսանոց մեծամասնություն, չունի սահմանադրական մեծամասնություն, չունի իր համար ցանկալի խորհրդարան։ Հերթական անգամ Փաշինյանը ցույց տվեց, որ դասական բռնապետ է և չի կարող հանդուրժել ժողովրդավարական դրսևորում, որքան էլ փորձում է ասել՝ ամենալեգիտիմն եմ, մարդասերն եմ և այլն։

Իր ցույց տված սրտիկները մեր գլխին կախված մուրճեր էին։ Այստեղ նաև մեկ կարևոր ու դրական դիտարկում պետք է անել։ Հավաքական ընդդիմությունն այսօր ստացել է երկուսուկես անգամ շատ քվե, քան 2021 թվականին։ Սա վկայում է այն մասին, որ հասարակության շրջանում իշխանությունների նկատմամբ վստահությունը կրկնակի նվազել է։ Այստեղ պետք է նաև խոսենք այն բազմաթիվ մեխանիզմների մասին, որոնք իշխանությունները կիրառել են ընտրական պրոցեսի ընթացքում։ Սարքերը չեն աշխատել, 75 հազարից ավելի անձնագրեր ձեռքով են մուտք արվել, զինծառայողների քվեարկության հայտնի դեպքերը, ընտրատեղամասերում հանձնաժողովականների պահվածքը։ Հանձնաժողովների հետ կապված պետք է արձանագրել, որ շատ դեպքերում ոչ պրոֆեսիոնալ, գործից անտեղյակ, տգետ անձնակազմ էր հավաքագրված, որոնք ընդհանրապես գաղափար չունեին, թե ինչ պետք է անեն, գաղափար չունեին արձանագրություն կազմելու մեխանիզմի մասին։ Ցավոք, հիմնականում դիլետանտ նախագահներ էին հավաքագրել, որոնք ընտրատարածքային հանձնաժողովի համար գլխացավանք էին։ Տեսանք, թե այդ օրերին ինչպիսի խայտառակ արձանագրություններ են մուտքագրել ընտրատարածքային հանձնաժողովներ։ Խայտառակ անգրագետ տեքստեր էին գրված, տարրական թվաբանություն չիմացող մարդիկ էին ներկայացված հանձնաժողովներում, հետևաբար՝ պատկերը դա էր լինելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հովասափյանը նշում է, որ մոտ քսան տարի մասնակից է եղել բազմաթիվ ընտրությունների՝ ՏԻՄ ընտրությունների, սահմանադրական հանրաքվեի կազմակերպչական գործընթացին, նախագահական ընտրությունների, երեք խորհրդարանական ընտրությունների։ «Ընտրատեղամասում ձայներ կեղծելը գործնականում զրոյական մակարդակի է հասցված։ 2017 թվականին ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը աշխարհի հինգ լավագույն համակարգերից մեկն է։ Մատնահետքերի, ցուցակների հրապարակման գործընթացներն այնպիսին են, որ ընտրատեղամասում ընտրախախտում, ընտրակեղծիք կազմակերպելը գրեթե զրոյացրել են։ Սա լավ աշխատող մեխանիզմ է։ Հանձնաժողովականները պրոֆեսիոնալ, թրծված, գործին տիրապետող մարդիկ են եղել, ովքեր հասկացել են, թե որ փուլում ինչ պետք է անել, նույնիսկ անհրաժեշտության դեպքում խորհուրդ տվել հանձնաժողովի նախագահին, թե որ իրավիճակում ինչպես պետք է վարվել։ Հանձնաժողովը կատարել է իր բուն գործառույթը, այն է՝ պետք է կազմակերպել գործընթացը, ոչ թե քարոզարշավ կատարել։ Լինելով հանձնաժողովի նախագահ՝ չեմ խառնվել քաղաքական գործընթացներին, ուղիղ մեկ ամիս ոչ մի գրառում, հրապարակային խոսք չեմ ունեցել, սակայն ֆիքսել եմ իշխանության ներկայացուցիչ նախագահների պահվածքը, ովքեր ներգրավված են եղել քարոզարշավի մեջ, ինչն օրենքով արգելված է։ Գործ ենք ունեցել հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ, որի արդյունքները տեսնում ենք հողի վրա»։

Մյուս կողմից՝ կարծիք կա, որ ընտրությունների վրա իրենց ազդեցությունն ունեցան նախընտրական շրջանում հնչած սպառնալիքները, ընդհուպ սպասվող պատերազմի մասին և այլն։ «Փաշինյանը հայտարարում էր՝ եթե սահմանադրական մեծամասնություն չունենամ, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Հիմա ցանկացածն իրեն պետք է դիմի այդ հարցով՝ հիմա չունեք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին ունենալո՞ւ ենք պատերազմ։ Կասկած չունեմ, որ ունի այդ հարցի պատասխանը, քանի որ նա բոլոր հարցերի պատասխանն ունի, նա գալակտիկայի միակ մարդն է, որը ցանկացած հարցի հետ կապված ունի որոշակի բացատրություն, մեկ էլ երևի այդպիսին Թրամփն է։

Հիմա գլխավորի մասին. մարդիկ ունեն որոշակի զգացմունքային մոտեցում հարցերի վերաբերյալ, երբ հայտարարում է՝ «նստեցնելու եմ, պատերով եմ տալու» և այլն։ Այս ամենը հիմնականում ազդում է (կարող է մի քիչ կոպիտ հնչել) փոքր IQ ունեցող որոշակի հատվածի վրա, որովհետև նրանք սիրում են տեսարաններ, նրանք հաճույք են ստանում դրանից։ Հռոմեական «Հաց և տեսարան» պատմությունը բոլոր ժամանակներում կիրառված գործընթաց է։ Նա ասում է՝ սիրում եմ, սրտիկներ, պաչիկներ է ուղարկում, բայց դա իր դարձերեսն է։ Իր իրական դեմքն այլ է։ Այս մարդն անհավասարակշիռ, վայրկենական ամեն ինչին ռեակցիա տվող, շատ արագ ափերից դուրս եկող, անկառավարելի մարդ է, նա շատ զգայուն է, էմոցիոնալ և ցանկացած իրավիճակում ռեակցիա է տալիս շատ բուռն կերպով, ափերից դուրս է գալիս, կառավարումը՝ կորցնում։ Մնացածը շղարշ է, որի տակ քողարկված է իր իրական դեմքը։ Այդ մարդն ունի տրավմաներ, չի սիրում կայացած քաղաքական մարդկանց, չի սիրում հարուստ, կայացած մարդկանց, չի սիրում արժեք ստեղծած մարդկանց, նա շատ լուրջ խնդիրներ ունի։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին «Չորրորդ Հանրապետության» շեմի՞ն. Հայաստանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետոՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 10-ին Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Դադարել է գործել Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհը կամուրջը Ադրբեջանին հանձնելու պատճառով. պատմության այս օրը (10 օգոստոս)Լույս չի լինելու Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026» Իսրայելը թույլ չի տա միջnւկային զենքի առկայությունն Իրանում՝ անկախ գործարքից. Նեթանյահու Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպան մեծ պատերազմի շեմին է Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. AxiosԻրանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի վերաբերյալ օրինագծին Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումըՀռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Արաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Անշարժ գույքի գործակալներ. Աճել է ռուսների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումըՀունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա «Ավելի շուտ Հայաստանը կկռանա». Պետդումայի պատգամավորները հայտարարել են, որ ոչ ոք չի կարողանա Ռուսաստանին կզեցնելՖիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
Ամենադիտված