ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան ճաքեր է տալիս
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, երբ մեկ տասնյակից ավելի անձինք՝ Տիգրան Տեր-Մարգարյանի գլխավորությամբ, ծեծի են ենթարկել ընդդիմադիր ակտիվիստին, դեռևս շարունակում է քննարկվել իշխանական կուլիսներում։ Թեպետ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, որ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չի տալու, իսկ ներքին զրույցներում էլ սպառնացել, որ Տեր-Մարգարյանին հրաժարական պարտադրելու դեպքում իրենք վայր կդնեն իրենց լիազորությունները՝ փլուզելով իշխանական կոալիցիան, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հասկանում է, որ դա լուրջ հետևանքներ է ունենալու, եթե ոչ այսօր, ապա արդեն վաղը։
Մամուլը գրել էր, որ ՔՊ-ն պահանջում է պաշտոնանկ անել Տիգրան Տեր-Մարգարյանին։ Երեկ էլ Ազգային ժողովի նախագահն է կարծիք հայտնել, որ վարչական շրջանի ղեկավարը պետք է հրաժարական տա։ Ավելին, Ալեն Սիմոնյանը նշել է, թե «Հանրապետություն» կուսակցությունը եթե հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց ու վստահություն ստացավ ժողովրդի կողմից, ապա՝ հակառակն է լինելու։ Իհարկե, Ազգային ժողովի նախագահի այս դիտարկումը բավական տրամաբանական է և քաղաքականապես անխոցելի։
Հիշեցնենք, թաղապետի վերաբերյալ հարց տվել էին նաև Նիկոլ Փաշինյանին, ով թեպետ դատապարտել էր բռնության դեպքը, բայց հայտարարել, թե ինքը չի զբաղվելու թաղապետի գործով, դրա համար գոյություն ունեն իրավապահներ։ Փաստացի գործող իշխանությունը ճնշում է բանեցնում «Հանրապետություն» կուսակցության վրա, պարտադրելով, պաշտոնանկ անել իր թաղապետին, նրա փոխարեն նշանակել մեկ ուրիշին, որպեսզի Երևան քաղաքում կոալիցիան չփլուզվի։ Բայց ՔՊ-ն նաև զգուշացնում է «Հանրապետությանը», որ թույլ չի տալու իր հաշվին դիվիդենտներ հավաքել։
Լիլիթ Դանիելյան