Երևանի մետրոյից դժգոհություն կա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի գործող իշխանությունները ձախողել են տրանսպորտի ռեֆորմը, որը ներկայացնում էին որպես իրենց առավել կարևորագույն նախաձեռնություններից մեկը։ Ընդ որում, ձախողվել է ոչ միայն ավտոբուսային ցանցի բարեփոխումը, այլ խնդիրներ են առաջացել նաև Երևանի մետրոպոլիտենում։ Հատկապես պիկ ժամերին, երբ պետական ծառայողները շտապում են աշխատանքի կամ վերադառնում են տուն, մետրոյի վագոնները գերբեռնված են լինում, ընդհուպ, որ մարդիկ, նույնիսկ շատերը, չեն կարողանում նստել մետրո։
Բանն այն է, որ մետրոյի գնացքները գալիս են 5-6 րոպեն մեկ։ Մեր թղթակիցն ինքն է ականատես եղել, թե ինչպես են 100–ավոր մարդիկ սպասում գնացքին, իսկ գալու դեպքում հազիվ կարողանում է մի փոքր մասը նստել, և խնդիրն այստեղ ամենևին էլ քաղաքական չէ, այլ զուտ սոցիալական։ Բոլոր գնացքներն այժմ Երևանի մետրոպոլիտենում երթևեկում են 2 վագոններով, մինչդեռ տարրական մենեջմենթի խնդիր է, որպեսզի հատկապես պիկ ժամերին ևս մեկ վագոն ավելացնեն մետրոյի շարժակազմին և ուղևորներին հնարավորություն տան փոքրինչ ավելի հարմարավետ պայմաններում երթևեկելու։
1981 թ․-ից հետո, ինչ մետրոն բացվել է, որևէ բան մետրոյում չի փոխվել 44 տարի, ավելին` ընդամենը պակասել է գնացքների վագոնների թիվը, ինչն էլ հասարակ և լուծելի խնդիր է։ Իրար վրա շալակած երթևեկելու փոխարեն, եթե մեկ վագոն ավելացնեն, շատ ավելի մեծ թվով մարդիկ կկարողանան հանգիստ նստած կամ նույնիսկ կանգնած երթևեկել, իսկ հանրության մոտ դժգոհություններն այդքան մեծ չեն լինի։
Սաթինե Բաբայան