Մարտունիում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է տեղի ունեցել․ հոգևորականը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Հավհաննիսյանը և Երեմ Ավետիսյանը։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցուն կից հովվատանը, վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, իսկ պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Ահազանգով ժամանել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։