ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ 

ԻՐԱՎՈՒՆՔ

Արդեն 2 տարի 7 ամիս է կալանքի տակ է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Ընդամենը երկու օր առաջ դատարանը կրկին մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ: Միայն դրանից հետո Տոնոյանը վարչապետին առաջարկեց կախիչների որակը ստուգելու ժամանակ գտնելու փոխարեն, ժամանակ գտնել և իր հետ միասին ստուգել հռթիռների որակը: Տոնոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին հանրությանը հայտնի են կցկտուր տեղեկություններ, որոնք տարածվել են նախաքննության սկզբնական փուլում, վարույթն իրականացնող մարմնի կողմից։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ՝ «Այդ հաղորդագրություններով փորձ էր կատարվում հանրության մոտ ստեղծել ինչ-որ անորակ հրթիռներ չարդարացված բարձր արժեքով ձեռք բերելու տպավորություն։ Շատերը գործի մասին ունեն միայն այն տեղեկությունը, որ Պաշտպանության նախկին նախարարը կալանավորված է։ Հիմա արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ մեր տպավորությամբ՝ իրավական շղարշի տակ իրականացվող այս ողջ գործընթացի միակ նպատակը հենց դա է` հանրությանը ներկայացնել նախկին նախարարի կալանավորված լինելու փաստը, հնարավորություն չտալով անգամ տեղեկանալու, թե ինչի մասին է իրականում գործը, ունի՞ արդյոք առաջադրված մեղադրանքը գոյության որևէ հիմք, արդյոք կա՞ Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք, թե ոչ»։

Հայտարարությունից զատ գործի փաստական տվյալների, անորակ հռթիռների փորձաքննություն նշանակելու կամ չնշանակելու, դրանց արդյունքների, այս պահին գործի ինչ փուլում գտվելու վերաբերյալ 1or.am-ի հարցերին Տոնոյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը չպատասխանեց՝ նշելով, որ այս պահին ավելին ասել չի կարող:

«Դեռ քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում էր մեզ ակնհայտ, որ առաջադրված մեղադրանքն ու ապացույցներով հիմնավորված փաստական հանգամանքները միմյանց հետ որևէ կապ չունեն։ Այդ համոզմունքն էլ ավելի էր ամրապնդվում յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում, ու դրան զուգահեռ առարկայանում էր հարցը, թե նման պայմաններում ինչ նպատակ ունի այս հետապնդումն ու կալանքը։ Իրավական գործընթացի շղարշն այս գործի վրայից վերջնականապես անհետացավ, դատաքննության վերջին փուլում` իրեղեն ապացույց հրթիռների զննության արդյունքում։ Արդեն 3 տարի որպես իրեղեն ապացույց ճանաչված հրթիռները գտնվում էին անթերի վիճակում։ Դավիթ Տոնոյանի ու նրա պաշտպանների պահանջները՝ իրեղեն ապացույց ճանաչված բոլոր հրթիռները զննելու մասին, մնացին անկատար, թեև ընտրովի զննված բազմաթիվ հրթիռներն էլ դրանց անթերի վիճակի մասին որևէ կասկածի տեղ չթողեցին»։

Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում։ Այս ամենը քաղաքական նպատակներ հետապնդող, քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, որը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրված` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում։ Այս մասին բարձրաձայնում է Տոնոյանի պաշտպանական թիմը: Առաջին անգամ է, որ Տոնոյանի պաշտպանական թիմը կամ հենց ինքը՝ Տոնոյանը, գործին հստակ քաղաքական գնահատական է տալիս: Տոնոյանն այդ մասին լռեց նաև ԱԺ քննիչ հանձնաժողովում, ըստ էության, չհակառակվելով Նիկոլ Փաշինյանի և Անդրանիկ Քոչարյանի թեզերին:

Նկատենք, որ Քննիչ հանձնաժողով ներկայանալուց հետո փոխվեց Տոնոյանի պաշտպանական թիմը. գործը վերցրին Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը: Հավանաբար պաշտպաններին հաջողվել է Տոնոյանին համոզել, որ գործին պետք է տալ քաղաքական հստակ գնահատական: Իսկ դա արվեց միայն դատարանի կողմից խափանման միջոցի վերաբերյալ վերջին միջնորդությունը մերժելուց հետո: Ըստ երևույթին կարելի է սպասել նոր հետաքրքիր բացահայտումների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular