ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն որակումով, որ մտել է դատարան, գոհացուցիչ չէ. բռնության ենթարկված փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում երկու փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված գործը 6 ամսից ավելի դատարանում է։ Բռնության ենթարկված փաստաբան Էմանուել Անանյանը 1or.am-ին ասաց, որ գործը դեռևս ապացույցների հետազոտման փուլում է։

«Գործով երեք մեղադրյալ կա։ Երկու օպերների մասով կիրառված է ստորագրություն հանրապետությունից չհեռանալու մասին խափանման միջոց, իսկ պետի օպերգծով տեղակալի մասով ոչ մի խափանման միջոց կիրառված չէ։ Առ այսօր նույնիսկ պաշտոնավարման կասեցում կիրառված չէ, և սա այն դեպքում, երբ այդ բաժնի աշխատակիցներից ոմանք գործով վկաներ են և դեռ պետք է ցուցմունքներ տան, իսկ օպերգծով տեղակալը նրանց անմիջական ղեկավարն է և շարունակում է նույն բաժնում աշխատել։ Մյուս երկու մեղադրյալներն էլ են շարունակում ոստիկանության համակարգում աշխատել, բայց Երևանից տեղափոխվել են մարզային բաժիններ»,- նշեց Անանյանը։

Փաստաբանը, թեև մասնագիտական էթիկան հաշվի առնելով նախաքննության ընթացքի վերաբերյալ գնահատական տալուց զերծ մնաց, սակայն նշեց, որ այն որակումով (քաղաքացիների միջև ծագած վիճաբանություն, բռնության գործադրում խմբի կազմով), որ մտել է դատարան, գոհացուցիչ չէ, քանի որ տեղին էր, որ հենց փաստաբանի նկատմամբ բռնության գործադրումով ուղարկվեր դատարան, ինչի դեպքում պատիժն ավելի խիստ է։ Այսինքն արարքն ավելի թեթև է որակվել։ 

Հիշեցնենք, որ «2023 թվականի փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վ.Պ.-Ի և տվյալ քրեական վարույթով վկա Մ.Ե.-ի մասնակցությամբ քննչական գործողության ընթացքում Ռ.Տ-ի պաշտպան Մ.Ա.-ի վերաբերյալ հնչել են հեգնական արտահայտություններ:  Քննչական գործողության ավարտից հետո պաշտպան Մ.Ա.-ն, վկա Մ.Ե.-ին քննիչի աշխատասենյակից դուրս է հրավիրել և միջանցքում պարզաբանում պահանջել: Վկա Մ.Ե.-ն բաժնի միջանցքում գտնվող՝ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի, օպերլիազոր Վ.Պ.-ի և քննությամբ չպարզված այլ ծառայողների ներկայությամբ հերքել է ինչպես իր, այնպես էլ ոստիկանության մյուս աշխատակիցների կողմից Մ.Ա.-ի վերաբերյալ հեգնական արտահայտություն հնչեցնելու հանգամանքը: Դրան ի պատասխան՝ Մ.Ա.-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել այն անձանց հասցեին, որոնք իր վերաբերյալ նման արտահայտություն են արել: Այդ կապակցությամբ Մ.Ա.-ի և միջադեպին ներկա՝ ՆԳՆ ոստիկանության ծառայողների միջև վիճաբանություն է ծագել:  Վիճաբանության ընթացքում վկա Մ.Ե.-ն, Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ն և քննությամբ չպարզված՝ ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցներ՝ խմբի կազմում, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել պաշտպան Մ.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։  Միջադեպին ներկա՝ ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի մյուս պաշտպան Է.Ա.-ն միջամտել է ծեծկռտուքին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել միջադեպին ներկա՝ ոստիկանության աշխատակիցների հասցեին: Դրանից հետո վկա Մ.Ե.-ն օպերլիազոր Վ.Պ.-ի և քննությամբ չպարզված՝ ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցների հետ՝ խմբի կազմում, պատասխան հայհոյանքներ հնչեցնելով, հարվածներ են հասցրել պաշտպան Է.Ա.-ի դեմքի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։   2023 թվականի օգոստոսի 8-ին և օգոստոսի 9-ին դատախազը հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել քրեական վարույթով վկա Մ.Ե.-ի (2 դրվագ), Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի և օպերլիազոր Վ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»,- նշված էր դատախազության հայտարարությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular